Կուտոյանի հետ կատարվածի քննության ընթացքը պետք է լինի մեր հասարակության ակնդետ ուշադրության և հսկողության ներքո. Սերժ Սարգսյան
17-01-2020 18:38:43 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ:
«Խորապես ցնցված եմ Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան գույժից: Խոսքերն անզոր են արտահայտելու այն մեծ ողբերգությունը, որը ոչ միայն Գեորգի Կուտոյանի՝ անդառնալի և չափազանց ցավալի կորուստ կրած ընտանիքինն է, այլև բոլոր նրանցը, ովքեր երբևէ ճանաչել են մարդկային և մասնագիտական բարձր որակներ ունեցող, բարեկիրթ և պարկեշտ երիտասարդին և պետական պաշտոնյային:
Խորին ցավակցություն եմ հայտնում Գեորգի Կուտոյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին, նրանց համար այս ծանր պահին` կիսում մեծ վիշտն ու կսկիծը: Թող Աստված լույսի և խաղաղության մեջ պահի Գեորգիի հոգին և մխիթարություն ու սփոփանք պարգևի նրա ընտանիքին:
Գեորգի Կուտոյանի հետ կատարվածի քննության ընթացքը, նկատի առնելով նաև պետության մեջ նախկինում նրա զբաղեցրած դիրքը, պետք է լինի մեր հասարակության ակնդետ ուշադրության և հսկողության ներքո»: