Երևան-Արարատ ճանապարհը փակած անասնապահները դադարեցրել են բողոքի ակցիան մինչև 18:00-ն


Երևան-Արարատ ճանապարհը փակած անասնապահները դադարեցրել են բողոքի ակցիան մինչև 18:00-ն

  • 21-01-2020 12:31:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Սպանդանոցներում մորթ իրականացնելուն դեմ արտահայտվող անասնապահները, ովքեր փակել էին Երևան-Արարատ ճանապարհը դադարեցրել են բողոքի ակցիան մինչև 18:00-ն:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վաղ առավոտից մի քանի տասնյակ գյուղացի փակել էր Երևան-Արարատ ճանապարհը։
 
Անասնապահները դժգոհում են սպանդանոցների՝ իրենց բնակավայրերից հեռու լինելու, ինչպես նաև դրանց առաջարկած գների պատճառով: Նրանք պնդում են, որ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելով իրենք զրկվում են եկամուտից:
 
Վերջին օրերին անասնապահներն ու մսավաճառները բողոքի ակցիաներ էին իրականացնում Կառավարության շենքի դիմաց և հունվարի 20-ին հայտարարել էին, որ այսօր՝ հունվարի 21-ին կփակեն մի շարք ճանապարհներ, եթե իրենց խնդրին լուծում չտրվի:
 
«Ես 100 մլն դրամի ներդրում ունեմ, կարող եմ ֆերմաս ցույց տալ, վարկեր ունեմ վերցրած, հիմա բանկը սպասելո՞ւ է ինձ»,- նշեց անասնապահներից մեկը:
 
Արարատի մարզում լարված իրավիճակը հանդարտեցնելու համար բողոքի ակցիա իրականացնողների հետ հանդիպման էր եկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
 
Արարատի մարզպետը հորդորեց հանգիստ քննարկել գյուղացիների դժգոհությունները հարուցած հարցերը:
 
«Խնդիրները կարող են լինել մորթի, տեղափոխման, ինչպես նաև անասունի վնասվելու հետ կապված: Այդ բոլորը ձևակերպված ներկայացվե՞լ է կառավարությանը: Վարչապետի խորհրդականի հետ շուրջ երկու ժամ այս թեման քննարկել ենք երեկ: Մի շարք հարցեր են բարձրաձայնվել, հիմա այդ հարցերի պատասխանները ստանալու համար ժամանակ է պետք: ԱԺ-ում էլ այսօր ժամը 16-ին քննարկում է լինելու սպանդանոցների հարցի առնչությամբ: Առաջարկում ենք այդ քննարկումներից հետո՝ ժամը 18.30-ին, հանդիպել մարզպետարանի դահլիճում, քննարկել իրավիճակը»,- նշեց մարզպետը:
 
Գյուղացիները համաձայնել են սպասել մինչև ժամը 18:00-ն և բացել են ճանապարհը, սակայն, միևնույն ժամանակ, շեշտել են, եթե իրենց հարցին լուծում չտրվի, ապա կփակեն օդանավակայանի ճանապարհը:
 
Բողոքի ակցիա անց է կացվում նաև Արմավիրի մարզում՝ Մրգաշատ գյուղի մոտ: Այստեղ ոստիկանական մեծ ուժեր են բերվել:
 
2020 թվականի հունվարի 15-ից ուժի մեջ է մտել Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը սպանդանոցում մորթելու մասին Կառավարության որոշումը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը