ՄԻՊ-ը և Հելսինկյան կոմիտեն ԵԽ են ներկայացրել համատեղ հատուկ դիրքորոշում ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ


ՄԻՊ-ը և Հելսինկյան կոմիտեն ԵԽ են ներկայացրել համատեղ հատուկ դիրքորոշում ՄԻԵԴ վճռի կատարման վերաբերյալ

  • 03-02-2020 16:15:13   | Հայաստան  |  Իրավունք

 
 
 
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հետ համատեղ առաջին անգամ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե են ներկայացրել հատուկ դիրքորոշում` կապված ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների պաշտպանության հարցով «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ: 
 
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի վերաբերյալ վճիռների կատարման առնչությամբ հատուկ դիրքորոշումներ ներկայացնելը նպատակ ունի նպաստել Հայաստանի իրավական համակարգում Եվրոպական դատարանի իրավական չափանիշների առավել արդյունավետ ներդրմանը։
 
Պաշտպանի փորձը ցույց է տալիս, որ 2018 թվականից սկսած այս պրակտիկայի ներդրումը իրական արդյունքներ է տալիս՝ շնորհիվ նաև Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության հետ բարձր որակի համագործակցության։ Այս հարցերում Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև արդյունավետ համագործակցությունը Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի հետ։
 
Այս անգամ ԵԽ նախարարների կոմիտե հատուկ դիրքորոշումը ներկայացվում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի հետ համատեղ՝ հաշվի առնելով Հելսինկյան կոմիտեի կարևոր գործունեությունը ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերում։ Այս քայլը նաև պայմանավորված է քաղաքացիական հասարակության դերի խթանման կարևոր հրամայականից ելնելով։
 
Նախարարների կոմիտե ներկայացված այս համատեղ դիրքորոշման մեջ անդրադարձ է կատարվել տվյալ վճռի կատարման համար սկզբունքային մի շարք հարցերի, որոնք վերաբերում են ազատությունից զրկված անձանց իրավունքները սահմանող ներպետական կարգավորումների համապատասխանությանը Եվրոպական դատարանի չափանիշներին: 
 
 
Խոսքը, մասնավորապես, վերաբերում է՝
 
ազատությունից զրկվելու պատճառների մասին անհապաղ տեղեկացվելու իրավունքին,
ընտրած անձին ազատությունից զրկելու մասին անհապաղ տեղեկացնելու իրավունքին,
փաստաբանի իրավունքին,
բժշկական զննության ենթարկվելու իրավունքին, այդ թվում` իր նախընտրած բժշկի կողմից,
ազատությունից զրկելու իրավաչափությունը վիճարկելու և դատարանի կողմից ազատ արձակվելու իրավունքին, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է:
 
Ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացրել ևս երկու հատուկ դիրքորոշում: «Մուրադյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ վճռի կատարմանն վերաբերյալ դիրքորոշումը՝ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հարցերի վերաբերյալ և «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի»՝ ազատությունից զրկված անձի առողջության պահպանման իրավունքի վերաբերյալ: 
 
Եվրոպական դատարանի վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների ազգային հաստատությունը կշարունակի մասնակցել՝ համագործակցելով պետական մարմինների ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play