Մեծ կռիվ Էրդողանի այցից առաջ. Ռուսաստանը քանդելու պլանը


Մեծ կռիվ Էրդողանի այցից առաջ. Ռուսաստանը քանդելու պլանը

  • 04-03-2020 18:30:34   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանական ԶԼՄ-ները տարածում են Եվրասիականության «կնքահայրերից» մեկի, Լելե Թեփեի ստորոտին ադրբեջանական գովազդներում նկարահանվող Ալեքսանդ Դուգինի գնահատականը Սիրիայում՝ Իդլիբում ռուս-թուրքական բախման վերաբերյալ: Պարզ է, թե ինչու: Դուգինը կարծում է, որ Իդլիբում Թուրքիայի բանակի ուղիղ կռիվը վկայում է այդ երկրի այսպես ասած եվրասիական անցման մասին: Դուգինը խոսում է Սիրիայում Ռուսաստանի դիրքերն ամրապնդելու անհրաժեշտության մասին, միեւնույն ժամանակ սակայն արձանագրելով, թե Մոսկվան պետք է պայմանավորվի Թուրքիայի հետ՝ ԱՄՆ-ին ռեգիոնից դուրս մղելու համար, որովհետեւ առանց Անկարայի չի կարող մրցակցել ԱՄՆ հետ:
 
Դուգինը գործնականում ասում է այն, ինչի համար էլ ադրբեջանցիները նրան լուսանկարում էին Լելե Թեփեի ստորոտներում: Դուգինն ասում է այն, ինչ ռուսական քաղաքականության «փիլիսոփայական» հենքում էր հատկապես 2011-16 թվականներին, երբ դրա հիման վրա, այդ շղթայում հասունանում էր նաեւ Արցախի ու Հայաստանի դեմ ագրեսիան:
 
Ադրբեջանը ապրիլյան քառօրյայում ռազմա-քաղաքական ֆիասկոյից հետո անկասկած «կարոտում» է այն ժամանակները, որոնք վերադարձնելու մասին այսօր փաստորեն խոսում է Դուգինը՝ Էրդողանի Մոսկվա այցից առաջ, ուր նա գնում է Պուտինի հետ Իդլիբի հարց քննարկելու: Բավքի համար ռուս-թուրքական իդլիբյան բախումը մեծ մարտահրավեր է, առավել եւս Հայաստանի հռչակած «մյունխենյան սկզբունքների», ու նաեւ անցնող օրերին հայ-վրացական ռազմա-քաղաքական բարձր մակարդակի ինտենսիվ քննարկումների ու շփումների ֆոնին:
 
Այդ համատեքստում, Էրդողանի այցից առաջ ըստ ամենայնի «մեծ կռիվ» է Ռուսաստանի քաղաքական եւ փորձագիտական «միջանցքներում», թե ինչպես է պետք «դիմավորել» Էրդողանին՝ նրան թելադրել պայմաններ եւ սկզբունքորեն դուրս մղել Սիրիայի՞ց, թե՞ պայմանավորվել, ինչը կնշանակի տրվել նրա շանտաժին ու սպառնալիքին: Բանն այն է, որ Էրդողանը Մոսկվա այցից առաջ հայտարարել էր, որ 25 միլիոն մահմեդականների միջոցով կքանդեն Ռուսաստանը ներսից:
 
Առայժմ Թուրքիան Ռուսաստանը «կիսում» է առանց մահմեդականների օգնության, դիմելով Դուգինին կամ այսպես ասած «մահմեդուգինական» տարրին: Ռուսաստանի սպաների միության նախագահ գեներալ Լիպովոյը Իդլիբի հարցում հայտարարել էր, որ Թուրքիան չի բավարարվելու Իդլիբով եւ նրա նպատակը Օսմանյան կայսրությունը վերականգնելն է, ընդհուպ Հալեպն ու Բաթումին վերցնելով: Գեներալ Լիպովոյը արտահայտվել էր Թուրքիային հավակնությունը կոտրելու օգտին:
 
Ռուսաստանում ըստ ամենայնի կա առնվազն երկու գծի բախում՝ Թուրքիայի հետ պայմանավորվելու, այսպես ասած «հակաամերիկյան» դաշինքը վերականգնելու կամ «մահմեդուգինականների» գիծը, կամ Էրդողանի կայսերական հավակնությունը մեկընդմիշտ կոտրելու «գեներալական» գիծը: Ո՞րն է հաղթելու մինչեւ մարտի 5, երբ տեղի կունենա Էրդողանի այցն ու հանդիպումը Պուտինի հետ:
 
Ընդ որում, միայն կարող է թվալ, թե պայմանավորվելու դեպքում Էրդողանը զերծ կմնա 25 միլիոն մահմեդականով Ռուսաստանը քանդելու մտքից: Նրա այդ միտքը ռազմավարական է, եւ Ռուսաստանը ներսից քանդելու Էրդողանի պլանը մեկ քայլ առաջ է գնալու հենց «մահմեդուգինականների» հաղթանակի պարագայում:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play