«Նաիրիտ Գործարան»-ում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի<br /> հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ<br />


«Նաիրիտ Գործարան»-ում տեղի ունեցած պայթյունի եւ հրդեհի
հետեւանքով զոհվել է առնվազն երեք մարդ

  • 15-05-2009 14:50:00   | Հայաստան  |  Հասարակություն
 (լրացված տարբերակ) ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 14-ի ժամը 17:40-ի սահմաններում քլորոպրենային կաուչուկի «Նաիրիտ Գործարան»-ի քլորոպրենի արտադրության տեղամասում տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով բռնկվել է ուժեղ հրդեհ: Եւս մեկ պայթյուն տեղի է ունեցել մոտ 10 րոպե հետո, երրորդը` 20:25-ի սահմաններում: Գործարանի մերձակա փողոցը արգելափակվել է իրավապահների կողմից, եւ թույլատրվել է միայն հատուկ ծառայությունների ավտոմեքենաների մուտքը փողոց եւ գործարանի տարածք: Ինչպես լրագրողներին հայտնեց Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի խորհրդական Նիկոլայ Գրիգորյանը, առաջին պայթյունն ուղեկցվել է հրդեհով եւ արտանետումներով, որոնք բնապահպանական հետեւանքների, խուճապի եւ տարհանումների առիթ չեն կարող լինել: Ըստ Ն.Գրիգորյանի, շուրջօրյա աշխատող տեղամասի քլորոպրենի պահոց-աշտարակում բռնկված հրդեհի շրջան առաջինը մտած փորկարարներից եւ հրշեջներից 17-ը ստացել են այրվածքներ կամ թունավորվել եւ տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Տեղամասի աշխատակիցներից 3-ը մահացել են, 1-ը որոնվում էր, 1-ը` վիրրվորվել է: Նշվեց, որ հրդեհի մարման համար օգտագործվում են Երեւանի կայազորի համարյա բոլոր 27 հրշեջ մեքենաները եւ Երեւանի բոլոր համայնքների ջրատար մեքենաները: «Բոլոր ուժերը մոբիլիզացված են»,- ընդգծեց Ն.Գրիգորյանը: Ինչպես «ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին հայտնեց «Նաիրիտ Գործարան»-ի աշխատակիցներից մեկը, քլորոպրենի արտադրության տեղամասում պետք է որ աշխատեին 12-15 մարդ: Նրա խոսքերով, գործարանի քլորոպրենի պահոց-աշտարակում բռնկված հրդեհը կարող է տեւել մինչեւ 2 օր. քլորոպրենը բենզինից ավելի դյուրավառ է եւ ջրից ծանր: Այրվող քլորոպրենի վրա ջուր լցնելիս այն ծածկվում է ջրով, ինչն առաջացնում է գազի կուտակում եւ հետագա պայթյուն` այն դեպքում, եթե չեն հասցնում բացել աշտարակի ծածկը: Տեղամասի աշտարակում կա առնվազն 10 տոննա քլորոպրեն: Հրդեհը հաջողվել է տեղայնացնել ժամը 21:00-ի սահմաններում: Ըստ Ն.Գրիգորյանի, դեպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչության տնօրենը եւ այլ պաշտոնատար անձինք: Նշենք, որ «Նաիրիտ Գործարան»-ի աշխատանքը վերսրկվել էր ապրիլի վերջին` 4,5-ամսյա դադարից հետ: Նախատեսվում էր, որ այն իր ամբողջ հզորությամբ կսկսի աշխատի մայիսի 5-10-ին:
Նոյյան տապան  -   Հասարակություն