Ամեն ինչ նոր է սկսվում. մեծ վերադասավորում Արցախում


Ամեն ինչ նոր է սկսվում. մեծ վերադասավորում Արցախում

  • 15-04-2020 16:50:43   | Արցախ (ԼՂՀ)  |  Վերլուծություն

Արցախում հայտնի է նախագահի ընտրության երկրորդ փուլի պաշտոնական արդյունքը: Ըստ այդմ, Արցախի նոր նախագահ է դառնում նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր 2008-18 թվականներին:
 
Երկրորդ փուլը գործնականում վերածվեց պայմանականության, այն բանից հետո, երբ մյուս թեկնածուն՝ Մասիս Մայիլյանը կոչ արեց ընտրողներին բոյկոտել քվեարկությունը, կորոնավիրուսի վարակի պատճառաբանությամբ:
 
Այդպիսով, Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո Արցախում տեղի ունեցած առաջին ընտրության արդյունքում ձեւավորվել է նոր իրավիճակ, հարաբերականության, հակասությունների եւ պայմանականությունների մի ամբողջ շարքով: Արցախում տեղի է ունեցել մրցակցային ընտրություն: Մյուս կողմից, այդ մրցակցայնությունը պայմանական է: Նախ, որեւէ ընտրության մրցակցայնություն պայմանավորված է համակարգային իրողությամբ, ոչ միայն զուտ ընտրական գործընթացի ֆորմալությամբ: Այդ իմաստով, Արցախում քաղաքական մրցակցության խնդիրը նոր է միայն բացվում, որովհետեւ մինչ այդ Արցախը չի ունեցել մրցակցային քաղաքական կյանք: Դա զարմանալի էլ չէ, այդպիսի կյանք չի ունեցել նաեւ Հայաստանը:
 
Այստեղ է նաեւ Արցախի ընտրական գործընթացի մյուս էական հանգամանքը: Տեղի է ունեցել Արցախում մինչ այժմ գոյություն ունեցած իշխող համակարգի ընտրության միջոցով վերադասավորում: Դրա ամբողջական մասշտաբը պարզ կլինի այն բանից հետո, երբ Արայիկ Հարությունյանը կձեւավորի իր կառավարման համակարգը, կպայմանավորվի քաղաքական ուժերի հետ, երբ խորհրդարանում կձեւավորվի կառավարող կոալիցիա: Ակնառու է, որ խորհրդարան անցած հինգ ուժերը գործնականում այս կամ այն դերով, շրջափուլով եղել են Արցախում կառավարած, իշխած համակարգի դերակատար: Այդ իմաստով, պայմանական է դառնալու մեծամասնություն կամ ընդդիմություն բաժանումը: Նաեւ այն պատճառով, որ համատեղ անցած ճանապարհն այդ ուժերի միջեւ առաջացնելով ընդհանուր շահեր, կարող է բերել նաեւ միմյանց հետ հաշիվներ: Քաղաքական մրցակցությունը չի կառուցվում հաշիվների վրա: Քաղաքական մրցակցության համար անհրաժեշտ է գաղափարական, աշխարհայացքային, հայեցակարգային տարբերություն:
 
Արցախում տեղի ունեցած ընտրական գործընթացը բացել է հենց այդ հարցը: Արցախի հանրությունը երկարաժամկետ, ռազմավարական հեռանկարում կանգնած է այդ հարցին պատասխանելու անհրաժեշտության առաջ, որովհետեւ Արցախի քաղաքական սուբյեկտությունը՝ այդ թվում միջազգային ասպարեզում, էապես պայմանավորված է լինելու հենց քաղաքական մրցակցային կյանքի, քաղաքական համակարգի առկայությամբ: Անցնող ընտրությունն ավելի շուտ ընդգծել է դրա բացակայությունը:
 
Այստեղ շատ էական է դառնում արդեն նույնիսկ ոչ այնքան, կամ առնվազն ոչ միայն այն, թե ով է իշխանություն, այլ կլինի՞ գործնականում վերադասավորված համակարգին գաղափարական եւ հայեցակարգային ընդդիմություն: Ինչպե՞ս կպատասխանի այդ հարցին ընտրության գործընթացի հիմնական դերակատարներից Մասիս Մայիլյանը: Նա հայտարարել է համաճարակից հետո նոր Արցախի տեսլականի ուղղությամբ աշխատանքի մասին:
 
Այդ, եւ ընդհանրապես հետագա զարգացման առումով էական է լինելու Երեւանի դերը: Նիկոլ Փաշինյանը ձեռնպահ մնաց Հայաստանի հեղափոխությունն Արցախում տարածելուց, հաշվի առնելով թերեւս տեղային մի շարք առանձնահատկություններ ու իրողություններ:
 
Արայիկ Հարությունյանը Երեւանի նոր իշխանության ու Արցախի հին համակարգի փոխզիջումն է: Միաժամանակ, Հարությունյանը Արցախի եղած համակարգի անվտանգության երաշխիքն է: Անկասկած է, որ չնայած միեւնույն համակարգի շրջանակում վերադասավորմանը, անխուսափելի է լինելու վարքագծային փոփոխությունը: Ժամանակն ու միջազգային իրողությունները թելադրելու են իրենցը:
 
Իրավիճակը պետք է գահատել քաղաքական ոչ թե ստատիկ, այլ ընթացիկ տրամաբանության շրջանակում: Այդ տեսանկյունից անշուշտ էական է, թե առաջիկայում, ռազմավարական հեռանկարում ինչպիսին է լինելու Հայաստանի աշխատանքը ոչ միայն Արցախի նոր իշխանության, այլ նաեւ Արցախի հանրության հետ:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play