Մասնավոր ինքնաթիռ՝ հանուն գեներալին Ֆրանսիա տեղափոխելու. Ի՞նչ կարժենա դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մասնավոր ինքնաթիռ՝ հանուն գեներալին Ֆրանսիա տեղափոխելու. Ի՞նչ կարժենա դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 15-04-2020 19:06:38   | Հայաստան  |  Մամուլի տեսություն



«Ժամանակ» թերթը գրում է.
 
«Մանվել Գրիգորյանի ընտանիքը ցանկանում է հասնել նրան, որ հնարավորություն տրվի նրան տեղափոխել Ֆրանսիա՝ բուժումը այնտեղ շարունակելու համար:
Հայաստանի և Ֆրանսիայի միջև արդեն մեկ ամիս օդային հաղորդակցություն չկա, ինչը նկատի ունենալով՝ նրա ընտանիքի ներկայացուցիչները հետաքրքրվել են մասնավոր օդանավ վարձելու հնարավորությամբ: Ֆրանսիայից օդանավի Հայաստան գալ-գնալը կարժենա 10 հազար դոլար, որը, կարծում ենք, այնքան էլ մեծ գումար չէ Գրիգորյանի ընտանիքի համար»:
 
«Ժողովուրդ» թերթը գրում է․
 
«Գլխավոր դատախազի մտերիմ, դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանի բնակարանի թալանի գործը մտել է դատարան: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դատախազի բնակարանի թալանի գործով մեղադրյալի աթոռին են հայտնվել 4 անձ:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հունվարի 11-ին Աղայան փողոցի 74/1 շենքի բնակարաններից մեկում կատարված գողության ահազանգով դեպքի վայր շտապած ոստիկանները նկատել էին, որ 4 հոգի Mercedes մակնիշի 34 ՏZ 783 համարանիշի ավտոմեքենայի մեջ իրեր տեղադրեցին ու դիմեցին փախուստի: Հետապնդել էին Mercedes-ին և կարողացել էին կանխել Mercedes-ի հետագա փախուստը և 4 անձի բերման էին ենթարկել ոստիկանության Տարոնի բաժին: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ բնակարանը, որը ցանկացել էին թալանել, պատկանել է այդ օրերին Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանին: Սակայն ուշագրավ է, որ դատախազի մարզային կացարանում գողերի համար հարմար շատ իրեր չէին գտնվել:
Հիմա այս դեպքի առթիվ հարուցված քրեական գործը մտել է դատարան և մեղադրյալի աթոռին են հայտնվել 4 անձ ՝ Սամվել Հասանյանը, Գևորգ Մանուկյանը,Անդրանիկ Առաքելյանը և Արմեն Հարությունյանը։ Նրանցից կալանքի տակ է գտվում միայն Սամվել Հասանյանը:
Սա այն գործն է, որի քննությունից ամեն կերպ խուսափում էր դատախազ Արսեն Մարտիրոսյանը` լինելով «օրենքի մարդ»: Նա ՀՀ քննչական կոմիտեի կողմից ուղարկված հրավեր-ծանուցումներով հարցաքննության չէր ներկայանում և որևէ պատճառաբանություն չէր էլ ներկայացնում: Ու այս գործով հիմա դատավոր Սուսաննա Գզոգյանը պետք է որոշում կայացնի:
Հիշեցնենք, որ Արսեն Մարտիրոսյանն այն դատախազն է, որը այսպես ասած, սուրբ հարաբերությունների մեջ է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ և 2019 թվականի օգոստոսի 22-ին ազատվեց Լոռու մարզի դատախազի պաշտոնից և նշանակվեց Գլխավոր դատախազությունում հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ: Ավելին, ի նշան Արթուր Դավթյանի հավատարմության, Մարտիրոսյանը նշանակվեց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով մեղադրող դատախազ»:
 
«Ժամանակ» թերթը գրում է. «Այն ժամանակ, երբ կորոնավիրուսի համավարակը մոլեգնում է երկրում, հարյուր հազարավոր քաղաքացիներ գրեթե անգործ են և առանց եկամտի, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը 1 միլիոն դոլարի պայմանագիր է կնքում «Արմոբիլ» պահնորդական ընկերության հետ՝ հարկայինի շենքի դռանը պահակություն անելու համար։ Գործարքը «հրատապ» գնումով է, և հրավերն ու գնումը տեղի է ունեցել կորոնավիրուսի պիկի օրերին՝ մարտի 20-ից ապրիլի 1-ը։
Զավեշտը նրանում է, որ ՊԵԿ-ը 25 տարուց ավելի ունի իր պահակները՝ ոստիկանների հետ համատեղ։
Նշենք, որ «Արմոբիլը» յուրային պահնորդական կազմակերպություն է, նախորդների օրոք դավանել է «ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքը՝ երես» սկզբունքը»։
 
«Ժողովուրդ» թերթը գրում է.
 
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սյունիքի մարզի Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանի գործողությունների մասով քրեական գործ է հարուցվել:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 4-ին Սիսիան քաղաքում ոստիկանները կանգնեցրել էին ավագանու անդամներից մեկին, պահանջել տեղաշարժի թերթիկ։ Որոշ ժամանակ անց Սիսիանի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Մուրադյանը և մի քանի ոստիկաններ գնացել էին քաղաքացու աշխատանքի վայրը և ծեծի ենթարկել նրան, հորը և բարեկամին, ով փորձել էր նկարահանել ոստիկանների անօրինական գործողությունները: Ավելին` նրանից խլել էին հեռախոսը և մինչ այս պահը չեն վերադարձրել։
Դրանից երկու օր անց` ապրիլի 6-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Գառնիկին բերման են ենթարկել ոստիկանության Սիսիանի բաժին գողության կասկածանքով: Ըստ քաղաքացու, ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը իր աշխատասենյակում ծեծի է ենթարկել իրեն` պահանջելով տալ խոստովանական ցուցմունք։
Եվ առաջին, և երկրորդ դեպքերով քաղաքացիները բողոք էին ներկայացրել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն, որտեղ, ինչպես փոխանցեցին «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, բողոքների մասով քրեական գործ է հարուցվել։ Թե ինչ ընթացք ու ավարտ կունենա քննությունը, դեռ վաղ է ասել»:
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամուլի տեսություն