Երևանի մանկապարտեզներում կլինեն անակնկալ այցեր և ստուգումներ. սահմանված կանոնները չպահպանած աշխատակիցները կազատվեն աշխատանքից


Երևանի մանկապարտեզներում կլինեն անակնկալ այցեր և ստուգումներ. սահմանված կանոնները չպահպանած աշխատակիցները կազատվեն աշխատանքից

  • 18-05-2020 13:03:27   | Հայաստան  |  Հասարակություն

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում մինչև իսկ փոխքաղաքապետերի մակարդակով լինելու են անակնկալ այցեր և ստուգումներ։ 
 
Այս մասին մայիսի 18-ին կառավարության մամուլի կենտրոնում հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը՝ զգուշացնելով, որ այն մանկապարտեզներում, որտեղ կհայտնաբերվեն անվտանգության կանոնների խախտման դեպքեր, կիրականացնեն համապատասխան գործողություններ։ 
 
Ըստ նրա՝ մանկապարտեզների այն աշխատակիցները, որոնք չեն ենթարկվի սահմանված նորմերին և կարծում են, որ համավարակը կշրջանցի իրենց, ուղղակի կազատվեն աշխատանքից։ 
 
«Արդյո՞ք աշխատակիցների իրավագիտակցությունը բարձր է, մենք ուղիղ ականատեսն ենք լինելու այս օրերին, որովհետև սա վատ նախադեպ է, բայց մենք այս նախադեպով ենք իրականության հետ բախվում, և իրականում հիմա ենք հասկանում, թե արդյոք մենք և մեր աշխատակիցներն ինչքա՞ն ենք պատրաստ այս ամեն ինչին»,- նկատեց Տ. Վիրաբյանը։ 
 
Նրա խոսքերով՝ Երևանի քաղաքապետարանը 161 հեռավար ջերմաչափման սարքեր է ձեռք բերել, որով կիրականացվի գործող մանկապարտեզների աշխատակիցների ջերմաչափումները, իսկ մանկապարտեզների տնօրեններից կպահանջվի խստիվ պահպանել համաճարակի կանխարգելման կանոնները։ 
 
Քաղաքապետի տեղակալը դիմելով գործատուներին՝ հորդորեց ներողամիտ լինել երեխաներին մանկապարտեզ տանելու հետևանքով աշխատանքից ուշացող ծնողների նկատմամբ, քանի որ երեխաներին մեկ մուտքով են ընդունելու մանկապարտեզներ, նաև բոլորին ջերմաչափելու են՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը, իսկ այս ամենը բարդ և ժամանակատար պրոցես է։ 
 
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող մանկապարտեզները կգործեն մայիսի 20-ից։ 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»  
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play