Ծանր մեղադրանք Չինաստանին. ԱՄՆ-ն անցել է գրոհի


Ծանր մեղադրանք Չինաստանին. ԱՄՆ-ն անցել է գրոհի

  • 18-05-2020 15:32:51   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱՄՆ նախագահ Թրամփի տնտեսական հարցերի խորհրդական Պիտեր Նավարրոն հայտարարել է, որ Չինաստանը կանխամտածված տարածել է կորոնավիրուսը ամբողջ աշխարհում: Նավարրոն հայտարարել է, որ նոյեմբերին Ուհանում հայտնաբերված վարակը Չինաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպության օգնությամբ թաքցրել է աշխարհից եւ այդ ընթացքում հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ ուղարկել աշխարհի տարբեր քաղաքներ՝ վարակը տարածելու համար:
 
ԱՄՆ նախագահի խորհրդականը ծանր մեղադրանք է ներկայացնում Պեկինին: Մեղադրանքն իհարկե նոր չէ, սակայն ԱՄՆ-ն նկատելիորեն ուժգնացնում է այդ առնչութամբ իր հռետորաբանությունը: Այդ հանգամանքը անշուշտ պայմանավորված է թե ներքին, թե արտաքին հանգամանքներով:
 
Ներքին առումով Չինաստանն ըստ ամենայնի դառնում է ԱՄՆ նախագահի ընտրության գործընթացում Դոնալդր Թրամփի գլխավոր խաղաքարտը: Թրամփի թիմը, օգտագործելով կորոնավիրուսի համավարակը, Չինաստանը հռչակում է արտաքին խոշոր մարտահրավեր, իրեն դիտարկելով այդ մարտահրավերի դեմ պայքարի առաջամարտիկ եւ փորձելով ԱՄՆ հանրությանը մոբիլիզացնել այդ գաղափարի շուրջ:
 
Այստեղ, ի դեպ, էական դեր կարող է խաղալ եւ այն հանգամանքը, որ ԱՄՆ դեմոկրատական վարչակազմը նախագահ Օբամայի պաշտոնավարման շրջանում, խոշոր ֆինանսական դրամաշնորհ է տրամադրել Ուհանի հայտնի լաբորատորիային, որը դիտարկվում է վարակի ստեղծման եւ տարածման հնարավոր աղբյուր:
 
Որքանով են ԱՄՆ վարչակազմի այդ պնդումները համապատասխանում իրականությանը, դեռեւս ապացուցողական ամուր բազա չկա, թեեւ կան բազմաթիվ հարգարժան մասնագետների հայտարարություններ ու հարցադրումներ, որոնք տրամաբանորեն տանում են հենց լաբորատորիայի վարկածին: Իհարկե, ամբողջ հարցն այն է՝ միտումնավո՞ր է տարածվել վարակը, թե վարակը տարածվել է որեւէ սխալի հետեւանքով:
 
Այդուհանդերձ, ակնհայտ է, որ Չինաստանին ըստ ամենայնի չի հաջողվի խուսափել վարակի համար պատասխանատվությունից: Եվ թերեւս ոչ միայն Չինաստանին, այլ նաեւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը: Հարցն այն է, թե ինչպիսին կլինի պատասխանատվությունը: Եվ այստեղ էլ ԱՄՆ դերը իհարկե լինելու է վճռորոշ, այն իմաստով, որ այդ գործընթացը, Պեկինի դեմ հնարավոր միջազգային հայցերի գործընթացն առաջնորդելու է Նահանգները: Ըստ այդմ, Վաշինգտոնի վարքագծից է կախված լինելու, թե ինչպես կհանգուցալուծվի պատասխանատվության հարցը:
 
Այդ պահվածքն էլ թերեւս պայմանավորված է լինելու այն հանգամանքով, թե ինչպես կպայմանավորվի Պեկինը Վաշինգտոնի հետ: Ակնառու է, որ կորոնավիրուսի համավարակը ընդգծեց երկբեւեռ աշխարհի ուրվագիծը, որտեղ բեւեռներն են Վաշինգտոնն ու Պեկինը: Չինաստանին ուղղված մեղադրանքի արտաքին ասպեկտը այստեղ է, եւ ակնառու է, որ Թրամփի վարչակազմը փորձում է առաջ քաշել այդ ստատուս-քվոյի շուրջ պայմանավորվածության իր պատկերացումն ու Պեկինին բերել համաձայնության այդ դաշտ:
 
Կստացվի, կամ որքանով կստացվի, դա կախված է իհարկե բազմազան գործոններից եւ լինելու է տեւական, ընդհուպ տարիների մեջ ձգվող գործընթաց: Այն ընդամենը սկսել է:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play