Օլեգ Գաբրիելյան. Կգա ժամանակը եւ Ուկրաինան եւս կճանաչի<br /> Հայոց ցեղասպանությունը <br />


Օլեգ Գաբրիելյան. Կգա ժամանակը եւ Ուկրաինան եւս կճանաչի
Հայոց ցեղասպանությունը

  • 05-05-2009 18:53:00   | Ուկրաինա  |  

ԿԻԵՎ, 5 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ղրիմի հայ համայնքի ղեկավար, Վ. Ի. Վերնադսկու անվան Տավրիկյան ազգային համալսարանի Քաղաքական գիտությունների ամբիոնի վարիչ Օլեգ Գաբրիելյանի հարցազրույցը Analitika.at.ua լրատվական-վերլուծական կենտրոնին: - Օլեգ Արշավիրի, պատմեք, խնդրում եմ, Ղրիմի հայ համայնքի մասին: - Վերջին յոթ տարիներին լինելով Ղրիմի հայ համայնքի (ՂՀՀ) ղեկավարը, կարող եմ այնքան շատ բան ասել, որ հարցազրույցը կվերածվի երկար պատմության: Նշեմ մեր առավել նշանակալի փուլերը եւ ձեռքբերումները` ՂՀՀ հարմարավետ գրասենյակի ստեղծում, գրասենյակի համար նոր շենքի շինարարություն, Հայոց ցեղասպանության ճանաչում Ղրիմի խորհրդարանի կողմից, Սիմֆերոպոլի հին հայկական գերեզմանոցի վերականգնում, Կերչի եւ Եվպատորիայի եկեղեցիների վերադարձ, դրանց վերականգնում, Յալթայի եկեղեցու վերանորոգում, Սուրբ Խաչ վանական համալիրի Սուրբ Նշան եկեղեցու 650-ամյակի տոնակատարություն (վանքի վերանորոգում, ճանապարհի կառուցում եւ էլեկտրականության անցկացում, թանգարանի հիմնում եւ հուշադրամի թողարկում Ազգային բանկի կողմից), երեք տասնյակ գրքերի հրատարակություն, «Մասյաց աղավնի» հանդեսի տպագրություն, միջնակարգ հանրակրթական դպրոցներում հայոց լեզվի եւ հայ մշակույթի ուսումնասիրման ֆակուլտատիվ դասարանների ստեղծում, աջակցություն հայ երիտասարդության ինքնակազմակերպմանը: Ղրիմի հայ համայնքի ներկայացմամբ մոտ մեկ տասնյակ ղրիմահայեր արժանացել են Ղրիմի Ինքնավար Հանրապետության եւ Ուկրաինայի գերազանցության բարձրագույն նշանների: Հաճելի է մտածել, որ համայնքի անդամների ոչ հեշտ աշխատանքը նման արդյունքներ է տվել մինչեւ իր նշանակալի հոբելյանը: Այս տարի լրանում է համայնքի 20-ամյակը: - Դուք նաեւ հայագիտական կոմիտեի ղեկավարն եք, ինչպե՞ս է ընթանում աշխատանքը: - Ուկրաինայի հայերի միության նախաձեռնությամբ 2008 թվականին հիմնվեց Հայագիտության կենտրոնը: Այդ նույն տարին էլ անցկացվեց առաջին միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նյութերը հրապարակվեցին «Հայագիտական հետազոտությունները Ուկրաինայում» նորաստեղծ գիտական պարբերականում: Այս տարի կանցկացվի երկրորդ գիտաժողովը: 2008 թ. հայտարարվեց հայ մշակույթի ուսումնասիրության նախագծերի մրցույթ: Հավանության արժանացան հինգ նախագծեր: Այս տարի մենք պետք է ստանանք դրանց իրականացման արդյունքները: Առանձին աջակցություն ստացավ «Ուկրաինա. Հայեր» պատկերագրքի հրատարակման նախագիծը: Մեծ նախագիծ է, որը պետք է ներկայացնի Ուկրաինայի հայերի մշակութային ժառանգությունը: - Քանի՞ հայկական ճարտարապետական հուշարձաններ կան Ղրիմում եւ ի՞նչ վիճակում են դրանք: - Ժամանակին մենք Վերածնության միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացրին մի նախագիծ, որը թույլ տվեց ոչ միայն գրանցել բոլոր հայկական ճարտարապետական հուշարձանները, այլեւ ամենամանրամասն ձեւով նկարագրել դրանք եւ իրականացնել լուսանկարչական փաստագրում: Ցավոք, ժամանակն անում է իրենը, եւ հուշարձանները ավերվում են: Պետությունը եւ համայնքը բավարար միջոցներ չունեն դրանք լիովին եւ համատարած վերականգնելու համար: Մի բան է մխիթարում, որ մեզ գոնե հաջողվեց սերունդներին փոխանցել այդ հուշարձանների մանրակրկիտ նկարագրությունը: Նախագծի արդյունքները հանձնվել են Ղրիմի ազգագրական թանգարանին: - Ինչ եք կարծում, Ուկրաինայի անկախության տարիներին որքանո՞վ է հայ համայնքին հաջողվել լուծել իր կենսական հարցերը եւ կայանալ իբրեւ իրապես գործող գործոն: - Մենք ունենք ռազմավարական երկու նպատակ, որոնց չհասնելու դեպքում համայնքը դեռ հասունացած չի լինի: Դա Սիմֆերոպոլում մայր եկեղեցու կառուցումն է եւ լիարժեք հայկական դպրոցի ստեղծումը: Վերջինս գերբարդ գործ է, սակայն առանց դպրոցի համայնքը դատապարտված է ուծացման: - Որո՞նք են Ղրիմի համայնքի հիմնական խնդիրները: - Հայերը պետք է լեգալացնեն իրենց գտնվելը Ուկրաինայում եւ Ղրիմում` մասնավորապես: Սակայն, այդ գործընթացը դեռ մինչեւ վերջ արված չէ: Այստեղ մեղքի իր բաժինն ունի համապատասխան բյուրոկրատիան, ինչպես նաեւ մեր հայրենակիցները: - Պատմեք, խնդրում եմ, ծրագրերի մասին, չէ որ բախտորոշ խնդիրներ են սպասվում, ինչպիսին է հայոց լեզվի ընդգրկումը Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների լեզուների ցանկում, Հայոց ցեղասպանության ճանաչումը, հայկական ժառանգության վերհանումը եւ... - Մենք ունենք ՂՀՀ զարգացման ծրագիր եւ ամեն տարի Ազգային խորհուրդը հաստատում է տարեկան ծրագիր: Վերն արդեն նշեցի երկու ռազմավարական նպատակները: Դրանք էլ որոշելու են մեր ակտիվությունը առաջիկա հինգ տարիներին: Ես վստահ եմ, որ կգա օրը եւ Ուկրաինան եւս կճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ դրա համար հարկավոր է այդ հարցի լուծման մեջ ղրիմահայերի փորձը տարածել ողջ երկրի վրա: Ամեն տարի մենք անցկացնում ենք այդ վշտալի օրվան նվիրված երթ եւ հանրահավաք: Կարելի է մասնավորից գնալ դեպի ընդհանուրը եւ փորձել հասնել ցեղասպանության ճանաչման մարզային խորհուրդների կողմից, իսկ հետո նաեւ Ուկրաինայի: Ցավոք, անբավարար է մեր քաղաքական ազդեցությունը, որպեսզի հայոց լեզուն ընդգրկվի լեզուների մասին եվրոպական խարտիայով «պահպանվող» ազգային փոքրամասնությունների լեզուների ցանկում եւ դրան անհրաժեշտ է ձգտել եւ հասնել: Սակայն, կան գործընթացներ, որոնք կախված են միայն մեզնից: Օրինակ, բացել դպրոցներ եւ դասարաններ մեր երեխաների համար եւ նրանց սովորեցնել մայրենի լեզուն ու մշակույթը: Մի անգամ եւս կրկնեմ` առանց դպրոցի համայնքն ապագա չունի: Հայ եկեղեցու հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ, միայնակ նրա ուժից վեր է դիմակայել ուծացման գործընթացներին առանց դպրոցի: - Հայ-ուկրաինական պատմության ո՞ր ընդհանուր էջերով եք Դուք հպարտանում: - Ես այստեղ կհիշեի Սերգեյ Փարաջանովին: Մշակութային ֆենոմենների ստեղծման անդաստանում մենք վիթխարի ստեղծագործական ներուժ ունենք: Օրինակ, իմ գրադարակին դրված է «Սասունցի Դավիթը»` հայկական էպոսը ուկրաիներեն: Կերչի հողը առատորեն ոռոգված է հայկական արյամբ. այստեղ Հայրենական մեծ պատերազմի տարիներին երկու հայկական դիվիզիաներ են ընկել: Այս ամենը մեր ընդհանուր պատմությունն է: Եվ ես հպարտ եմ այդ պատության այսպիսի էջերով: - Ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին: - Հայերին ես կմաղթեի իրենք իրենց մի հասարակ հարց տային` Ինչո՞վ եմ ես հայ: Եվ ազնվորեն իրենք իրենց պատասխանեն: Իսկ առանց բացառության բոլոր ընթերցողներին` ավելի ուշադիր լինել հարեւանների պատմությանն ու մշակույթին: Դա եւ հարստացնում է մեզ, եւ ավելի իմաստուն դարձնում: Հարցազրույցը վարեց Մարատ Հակոբյանը (Analitika.at.ua լրատվական-վերլուծական կենտրոն) ՏԵՂԵԿԱՆՔ. Օլեգ Արշավիրի Գաբրիելյանը փիլիսոփայական գիտությունների դոկտոր է, մաթեմատիկայի մագիստրոս, տնտեսագիտության մագիստրոս, Ուկրաինայի մշակույթի վաստակավոր գործիչ, Ղրիմի հայ համայնքի ղեկավար: