Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա, իրացման մեխանիզմը. 22 անձի մեղադրանք է առաջադրվել


Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա, իրացման մեխանիզմը. 22 անձի մեղադրանք է առաջադրվել

  • 23-07-2020 16:11:10   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, իրացնելու և պահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է հանցավոր շղթա, թմրամիջոցների իրացման մեխանիզմը:
 
Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի և մեծածավալ քննչական գործողությունների, ինչպես նաև` օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է թմրամիջոց իրացրած, ձեռք բերած անձանցից 21-ի ինքնությունը:  Օրենքով սահմանված կարգով կատարվել են խուզարկություններ, որոնց ժամանակ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափի թմրամիջոցներ, ինչպես նաև՝ հրազեն հանդիսացող թմբուկավոր ատրճանակ և ակոսափող զենքից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 32 փամփուշտ:
 
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020 մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում հիշյալ հանցավոր շղթայում ընդգրկված առանձին խմբավորումներ իրացրել են ընդհանուր 1350 գրամ չոր քաշով «Հերոին» և 102 գրամ «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ:
 
Բացի այդ, նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել՝ ազգությամբ ազերի, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու կողմից առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի՝ մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու վերաբերյալ:
 
ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության աշխատակիցների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2020 թվականի հուլիսի 10-ին ԻԻՀ քաղաքացին ձերբակալվել է: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4865 գրամ «Հերոին» տեսակի թմրամիջոց:
 
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ԻԻՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելուն օժանդակելը) 3-րդ մասի 2-րդ կետով, 267.1-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը) 4-րդ մասի 1-ին կետով և 329-րդ հոդվածի (պետական սահմանն ապօրինի հատելը) 2-րդ մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Մեղադրանքներ են առաջադրվել նաև նշված 21 անձանց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը կազմակերպելը) 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց  իրացնելու նպատակի) 3-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, իրացնելու և պահելու համար, որոնցից 7-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը, 2-ը ներգրավվել են որպես մեղադրյալ և նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 14 անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է չհեռանալու մասին ստորագրություն:
 
Նախաքննությունը շարունակվում է:
 
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ թմրամիջոցի շրջանառության շղթայում ընդգրկված հնարավոր այլ անձանց առկայությունը, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:
 
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play