Ռուսաստանը զորք կմտցնի՞ Նախիջեւան


Ռուսաստանը զորք կմտցնի՞ Նախիջեւան

  • 27-07-2020 09:56:14   | Հայաստան  |  Վերլուծություն

Տավուշի ռազմական գործողություններին Թուրքիայի անսպասելի կոշտ արձագանքը լայն քննարկումների տեղիք է տվել, մասնավորապես ռուսական մեդիա-քաղաքական շրջանակներում: Ռազմական գործողությունները ծավալվել են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, եւ այդ ռազմա-քաղաքական դաշինքը եւ դրա առաջատար Ռուսաստանը պարտավոր էին արձագանքել: ՀԱՊԿ արձագանքը, ինչպես միշտ, զավեշտալի ստացվեց՝ նախ ՀԱՊԿ կայքում հայտարարություն տեղադրվեց, որ այդ հարցը քննարկվելու է, այնուհետեւ հայտարարվեց, որ այն հետաձգվում է: Փոխարենը, ՀԱՊԿ կայքում հայտնվեց Մարգարիտա Սիմոնյանի սոցցանցային խայտառակ գրառումը, հետո հանվեց «տեխնիկական վրիպակի» պատճառաբանությամբ: Հասկանալի է, որ ոչ մի վրիպակ էլ չէր եղել, ՀԱՊԿ-ն այդպիսով թերեւս ուզում էր «հավասարակշռել» իրավիճակը, իր անգործունակությունը ծածկելու համար:
 
Ռուսաստանի արձագանքն իհարկե ավելի առարկայական էր, Մոսկվան պաշտոնական տարբեր մակարդակներով Անկարային զգուշացրեց ռազմական հնարավոր միջամտության հետեւանքների մասին, միեւնույն ժամանակ Հարավային օկրուգում զորավարժություններ սկսեցին, ըստ ռազմական աղբյուրների՝ այդ թվում միջուկային զինանոցի ակնարկներով:
 
Թուրքիայի հնարավոր միջամտության, այսինքն՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտում թուրք զինվորականների հայտնվելու կապակցությամբ փորձագետների շրջանում կարծիքներ հնչեցին, որ այդ դեպքում Ռուսաստանը կարող է զորք մտցնել Նախիջեւան, քանի որ դա ռուս-թուրքական 1921 թ. պայմանագրի խախտում է: Ընդհանրապես, Նախիջեւանի թեման վերջին շրջանում նուրբ թելի պես անցնում է տարածաշրջանի իրադարձությունների միջով: Խնդիրն այն է, որ այս շրջանն էլ գտնվում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, նրա ներկայիս կարգավիճակի երաշխավորներից մեկը Ռուսաստանն է:
 
Նախիջեւանը 1920 թ. Հայաստանի օկուպացիայից հետո 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերով անցել է Բաքվի խնամակալության տակ: Միեւնույն ժամանակ, Նախիջեւանի պարագայում այդ պայմանագրերը դե ֆակտո խախտված են, քանի որ այն աստիճանաբար անցնում է Թուրքիայի ազդեցության եւ ուղիղ ենթակայության տակ: Թուրքիան այստեղ բացել է ռազմական եւ տնտեսական ներկայացուցչություններ, շրջանն ակտիվորեն ինտեգրվում է Հայաստանի օկուպացիայի արդյունքում Թուրքիային անցած Կարսի նահանգի հետ: Նախիջեւանի «ավելորդ բնակչությունը» տեղափոխվում է Կարս եւ Սուրմալու, այս շրջանների էթնիկ կազմը փոխելու նպատակով: Փոխարենը, Նախիջեւանում բազավորվում են Թուրքիայի ազդեցության տակ գտնվող գրոհային խմբեր Մերձավոր Արեւելքից:
 
Այսինքն, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում ոչ միայն հայտնվել են Թուրքիայի զինվորականներ, այլեւ դե ֆակտո փոխվել է Նախիջեւանի կարգավիճակը: Նախիջեւանի ռեգիոնալ նշանակությունը դժվար է թերագնահատել, այն մինչ այժմ յուրահատուկ «խցան» էր շրջանի քաղաքական, հաղորդակցական եւ այլ առումներով:
 
Ռուսաստանը ներկայում քաղում է հարյուր տարի առաջ Հայաստանի հանդեպ իր քաղաքականության պտուղները: Հարյուր տարվա ընթացքում Ռուսաստանի «պատասխանատվության գոտում» գտնվող հայաբնակ տարածքներն աղետալի կրճատվել են Նախիջեւանից մինչեւ Գանձակ ու Բաքու, չհաշված Թուրքիային նվիրաբերված Արեւելյան Հայաստանի մեծ մասը: Հայ ժողովրդի ուժի ու սուբյեկտության հանդեպ ռուսական վախերը Ռուսաստանը դարձրել են թուրքական աշխարհքաղաքականության կցորդը, որն ի վերջո Մոսկովյան պետությանը պետք է հասցներ լուրջ խնդիրների:
 
Հնարավո՞ր է շտկել իրավիճակը, Հայաստանի հետ իրապես ռազմավարական դաշնակցության իրականացմամբ: Մինչ այդ, Մոսկվայում հայ համայնքի ինքնակազմակերպման դրսեւորումներին հետեւում են ադրբեջանական հրոսակախմբերի հարձակումները, իսկ Մոսկվայից «մուննաթ» են գալիս Հայաստանի վրա, հավաստելով «պարիտետի» քաղաքականությունը Երեւանի ու Բաքվի հանդեպ:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play