Պուտինը խառնեց երեւանյան «թեժ աշունը»


Պուտինը խառնեց երեւանյան «թեժ աշունը»

  • 01-09-2020 09:57:09   | Հայաստան  |  Վերլուծություն

Ծննդյան տարեդարձի առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ եւ շնորհավորել նրան: Խոսե՞լ են Պուտինն ու Քոչարյանը քաղաքականությունից, պատմե՞լ են միմյանց պլանների մասին, թե՞ նրանք հասկանում են միմյանց անգամ առանց խոսքի: Պուտինի հեռախոսազանգը ստեղծում է հետաքրքիր վիճակ այն ուժերի համար, որոնք Հայաստանի քաղաքական դաշտում հավակնում են դառնալ առաջատար ընդդիմություն, առաջնորդել ընդդիմադիր դաշտը:
 
Ինչպե՞ս են նրանք դիրքավորվելու Ռոբերտ Քոչարյանի համեմատ, եթե նա աշխուժորեն խաղարկի Պուտինի աջակցության հանգամանքը, եւ Պուտինն էլ դեմ չլինի դրան: Այդ դեպքում չմիանալ Ռոբերտ Քոչարյանին, կնշանակի չմիանալ Պուտինին: Ոչ ոք դեմ չի լինի թերեւս Պուտինին միանալու հարցում, բայց Ռոբերտ Քոչարյանին միանալը նրանցից շատերը կդիտարկեն խնդիր:
 
Բացառությամբ իհարկե ՀՀԿ-ի, բայց ՀՀԿ հարցն այլ է: Սերժ Սարգսյանն իր վերջին ասուլիսում ակնարկեց, որ ՀՀԿ-ն ամենեւին էլ զբաղված չէ աշխույժ քաղաքականությամբ: Այլ կերպ ասած, ՀՀԿ-ն չունի դրա կարիքը, նրա համար բավական է այն, որ կա: Իսկ դրա համար բավական է, որ կուսակցությունը գլխավորի Սերժ Սարգսյանը: Նա այդ պատճառով էլ փաստացի չեղարկեց 2018-ի ապրիլի 25-ի մտադրությունը՝ թողնել նաեւ կուսակցության նախագահի պաշտոնը:
 
ՀՀԿ-ն կարող է ներկայում իրեն թույլ տալ սպասել, ընդամենը լինել՝ ոչ ավելին: Իսկ մյուս ուժերը դա թույլ տալ չեն կարող, նրանք պետք է առնվազն անցնեն ՀՀԿ-ին՝ որպես նախորդ համակարգի գերակա ուժ:
 
Ամեն մեկն ունի անցնելու իր ձեւը, բայց Պուտինը խառնում է ամեն ինչ՝ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իր ուշադրությամբ: Նա մեծ հաշվով Ռոբերտ Քոչարյանի համար էլ ստեղծում է որոշակի անհարմարավետ վիճակ, դնելով մեծ պատասխանատվության տակ: Պուտինը Քոչարյանին մեծ հաշվով զրկում է մյուս ուժերի հետ հարաբերվելու ճկունությունից, փաստացի պարտադրելով «խժռել» մյուսներին:
 
Այդ ճանապարհին են լինելու ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, Արթուր Վանեցյանի Հայրենիքը, մի շարք այլ մանր կուսակցություններ ու խմբեր: Ըստ ամենայնի, գալիս է բոլորին Ռոբերտ Քոչարյանի դրոշի տակ հավաքելու ժամանակը, ինչը նաեւ յուրօրինակ քննություն է հենց Քոչարյանի համար՝ կարո՞ղ է նա անել դա, «մարզավիճակը» բավարա՞ր է նրա հետ կապված ավելի բարձր նպատակներ դնելու համար:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play