Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն սկսել են «թեժ աշունը»


Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն սկսել են «թեժ աշունը»

  • 08-09-2020 12:08:36   | Հայաստան  |  Վերլուծություն

Երեւանին մերձ գարեջրատներից մեկում օպերատիվ տեղեկության հիման վրա հայտնաբերվել է Սիցիլ մականունով քրեական հեղինակություն Արմեն Սարգսյանը: Նրան հայտնաբերել են ոստիկանության եւ ԱԱԾ աշխատակիցները, որոնք եթե փոքր ինչ ուշանային, ըստ մամուլի, նա կհասցներ փախչել:
 
Վերջին օրերին Հայաստանի իրավապահ համակարգը կարծես թե բավական ինտենսիվ սկսել է զբաղվել քրեական հեղինակություններով, «օրենքով գողերով»: Պատկերավոր ասած, Հայաստանի իրավապահ համակարգը «թեժ աշուն» է հայտարարել քրեական աշխարհին: Մի քանի օր առաջ բերման էին ենթարկվել «օրենքով գողեր»:
 
Տեսակետ կա, որ իրավապահները գործում են ըստ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի համար ամիսներ առաջ ընդունված օրենքի: Օրենքը պատճա՞ռ, թե՞ առիթ է հանցաշխարհին «թեժ աշուն» հայտարարելու համար:
 
Հայաստանում քրեական ենթամշակույթը տարիներ շարունակ սերտաճել է «քաղաքական մշակույթի» հետ: Քրեական աշխարհը եղել է Հայաստանը կառավարող համակարգի դաշնակից եւ գործընկեր: Մյուս կողմից, այդ իրողությունը բխել է թերեւս ավելի խորքային իրողություններից, այն իմաստով, որ քրեական մշակույթը Հայաստանում ունի կենցաղային լայն տարածում եւ մտածողության մակարդակում դրա կրող են ոչ միայն հանցաշխարհի հեղինակությունները, այլ նաեւ մարդիկ, որոնք չունեն այդ աշխարհի հետ որեւէ կապ:
 
Այդ հանգամանքն էլ իր հերթին գալիս է խորհրդային տարիներից, որտեղ քրեական մշակույթը, հանցաշխարհը, դրա մասին լեգենդները հանրության հետ հարաբերվելու միջոց էին համակարգի համար, որը ինքն էլ գիտեր, որ պաշտոնական գաղափարախոսությամբ հասարակարգը այլ բան չէր, քան գորշ դատարկություն: Այն լցնող իրական հանգամանքներից մեկը հենց քրեական աշխարհն էր իր լեգենդներով ու առասպելներով: Դրանով լուծվում էր մի քանի հարց: Մի կողմից այդ աշխարհը թույլ էր տալիս պետական մեքենային առավել արդյունավետ վերահսկել հանրությանը, մյուս կողմից ինչ որ իմաստով «փոխհատուցում» էր քաղաքական մրցակցության եւ արդարության բացակայությունը: Քրեական աշխարհը հանրային շերտերի մի զգալի մասում ասոցացվում էր արդարամտության հետ, այն դեպքում, երբ դրա հետ պետք է ասոցացվեր պետությունը: Մյուս կողմից, այդ աշխարհն էր իր «արդարամտությամբ» այսպես ասած լրացնում հանրության մեջ այլախոհության պահանջի մի մասը, այն դեպքում, երբ քաղաքական այլախոհները ենթարկվում էին հալածման:
 
Այդ իրողությունները հանրային մտածողության ու պատկերացումների, անգամ սերունդների մի զգալի մասի դաստիարակության վրա թողել են իրենց խոր հետքը, ԽՍՀՄ փլուզումից հետո դրա հիման վրա տրանսֆորմացվել նոր ժամանակի մեջ, քրեական աշխարհի անմիջական տրանսֆորմացիայի զուգահեռ: Այդ աշխարհի մի մասը անգամ սկսել է բացահայտ զբաղվել բիզնեսով եւ քաղաքականությամբ, մյուս մասը՝ սպասարկել քաղաքականությունը, դրա դիմաց ստանալով իր գոյության իրավունքը նոր ժամանակներում:
 
Հայաստանում ընդունված քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրենքը կասկածի տակ է դնում այդ իրավունքը, ինչը պետության արդիականացման կենսական անհրաժեշտություն է: Խոսքն ընդհանրապես քրեական աշխարհի, քրեական հիերարխիայի գոյության իրավունքի մասին չէ, քանի որ գործնականում այդպիսի երեւույթները թվում է անհնար է վերացնել: Ավելին, դրանք հաճախ կարող են ունենալ անգամ «հանրային ու պետական սանիտարության» աջակից գործոնի նշանակություն, հարցերն այդ առումով բավականին նուրբ են:
 
Խնդիրը հանրային կյանքում, քաղաքական գործընթացներում, կառավարման մեխանիզմներում, հանրային մտածողության ձեւավորման եւ գեներացման առանցքային դիրքերում այդ ենթաշմակույթի դերը չեզոքացնելու, հենց այդ իմաստով «իրավունքը» վերցնելու մասին է:
 
Շատերի համար  գուցե տարօրինակ հնչի, սակայն այդտեղ է նաեւ պետական ինքնիշխանության առանցքային մարտահրավերներից մեկը, ու այդ իմաստով հետհեղափոխական Հայաստանի համար խորքային խնդիրներից մեկն է նաեւ այդ ենթամշակույթի հարցը: Առավել էական խնդիր, քան օրինակ նախկին կառավարող համակարգի քաղաքական աշխուժությունը կամ տնտեսական ռեսուրսները:
 
Այդ իմաստով, ի դեպ, միանգամայն համարժեք կլինի, եթե օրինակ քաղաքական թեժ աշնան ընդդիմության մարտահրավերին քաղաքական իշխանությունը հենց մարտավարական եւ ռազմավարական իմաստավորումով արձագանքի ոչ թե ընդդիմությանը, այլ հենց հանցաշխարհին նետված «թեժ աշնան» մարտահրավերով:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play