Ինչ է ասել Պուտինը. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են


Ինչ է ասել Պուտինը. Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պայմանավորվել են

  • 09-09-2020 16:23:01   | Հայաստան  |  Վերլուծություն

Մամուլը հրապարակեց տեղեկություն, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը եկել են միմյանց չվնասելու, հրապարաային հարվածներ չհասցնելու պայմանավորվածության եւ հրահանգել են իրենց թիմերին: Ըստ տեղեկության, նրանք պայմանավորվել են առանձին-առանձին պայքարել իշխանության դեմ, քանի որ միասին պայքարը հնարավոր չէ՝ կան տարաձայնություններ:
 
Եթե երկրորդ եւ երրորդ նախագահները պայմանավորվել են չհասցնել միմյանց հրապարակային հարվածներ, առաջանում է հարց՝ իսկ ե՞րբ էին նրանք հրապարակային հարվածում միմյանց: Այդպիսի ժամանակ եղել է, բայց թավշյա հեղափոխությունից զգալի առաջ՝ Սերժ Սարգսյանի նախագահության տասնամյակում, երբ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի դիմակայությունը մտել էր բաց ռեժիմ:
 
Թե Սերժ Սարգսյանի նախագահությունից առաջ, թե դրանից հետո նրանց դիմակայության կամ մրցակցության ռեժիմը եղել է բավական կոշտ եւ սուր, բայց էապես փակ: Ըստ այդմ, ի՞նչ հրապարակային հարված չհասցնելու շուրջ են նրանք պայմանավորվել: Մեծ հավանականությամբ խոսքն այն մասին է, որ նրանք պայմանավորվել են ոչ թե դադարեցնելու, այլ չսկսելու հարցում:
 
Այլ կերպ ասած, Քոչարյան-Սարգսյան պայմանավորվածությունը վկայում է, որ նրանց մոտիվների ու շահերի տարբերությունը հասել է մի աստիճանի, երբ գործնականում անխուսափելի է դարձել սպասումը, որ կլինեն արդեն հրապարակային հարվածներ: Ըստ այդմ, նրանք պայմանավորվել են կանխել դա եւ թույլ չտալ, որ դիմակայությունը մտնի կամ այսպես ասած վերադառնա հրապարակային հարվածների փուլ, ինչպես Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում էր:
 
Հետեւաբար, Սարգսյան-Քոչարյան այդ պայմանավորվածությունը ավելի շատ խոսում է նրանց միջեւ անհամաձայնության սկզբունքային, խորքային խորացման, քան համաձայնության ձեւավորման մասին:
 
Դա բավական նկատելի էր, քանի որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական եւ քարոզչական աշխուժությանը զուգահեռ աշխուժացել է նաեւ Սերժ Սարգսյանը: Բանն այն է, որ առանձին-առանձին պայքարի շուրջ պայմանավորվելու կարիք էլ նրանք չունեին, քանի որ առանց այդ էլ նրանք ու թիմերը վարում էին այդ պայքարը, էլ ինչու՞ պայմանավորվել:
 
Այդպիսով, երկրորդ եւ երրորդ նախագահները ընդամենը քայլ են կատարել խորացող անհամաձայնություններն ու քաղաքական ծրագրերի եւ մոտեցումների տարբերությունը չվերածել հրապարակային հարվածների:
 
Պետք չէ բացառել նաեւ տարբերակը, որ հարվածների հավանականության աճի ռիսկը կամ սպասում է բխել է արտաքին իրողություններից, եւ Սարգսյանն ու Քոչարյանը պայմանավորվել են այս անգամ չտրվել արտաքին շահերի տամաբանությանը եւ դուրս չգալ միմյանց դեմ, ինչպես դարձյալ՝ եղել է Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, երբ դե ֆակտո Ռոբերտ Քոչարյանի առաջնորդությամբ ոչիշխանական եռյակի միջոցով Սերժ Սարգսյանին պարտադրվեց շրջադարձ Եվրասոցացման գործընթացից եւ անդամակցում ԵՏՄ-ին:
 
Հատկանշական է, որ Քոչարյան-Սարգսյան չհարվածելու պայմանավորվածության մասին մամուլում հրապարակումը հաջորդում է ծննդյան տոնի առիթով Ռոբերտ Քոչարյանի հետ Պուտինի հեռախոսազրույցին:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play