Հատուկ օպերացիա Բելառուսում. Լուկաշենկոյին ելք չթողեցին


Հատուկ օպերացիա Բելառուսում. Լուկաշենկոյին ելք չթողեցին

  • 10-09-2020 14:18:12   | Հայաստան  |  Վերլուծություն

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Անդրեյ Բոգդանը հայտարարել է, որ Բելառուսում նախագահի ընտրությունից առաջ այսպես ասած վագներականների ձերբակալությունը Ուկրաինայի եւ ԱՄՆ հատուկ ծառայությունների օպերացիա էր: Ըստ Բոգդանի, այն եղել է գերգաղտնի եւ պլանավորվել մոտ մեկ տարի: Նա հայտարարել է, թե ստեղծվել է վենեսուելական ընկերություն, որը անվտանգային ծառայության առաջարկ է արել վագներականներին, որոնք էլ Մինսկ տարանցիկ երթուղով պետք է մեկնեին պատվիրատուի մոտ: Բոգդանը նշել է, թե Կիեւն ակնկալել է, որ Մինսկը ձերբակալելով վագներականներին՝ կհանձնի նրանց Ուկրաինային:
 
Որքանո՞վ է հավաստի Բոգդանի պատմությունը, որը ծավալվում է արդեն տեւական ժամանակ: Օրեր առաջ ՌԴ նախագահ Պուտինն էլ հայտարարել էր, որ վագներականներին ներքաշել են «ծուղակ»:
 
Ամբողջ հարցն այն է սակայն, որ նրանց ձերբակալել է Բելառուսը: Հետեւաբար, ստացվում է, որ «ծուղակում» առաջին հերթին հայտնվել է Բելառուսի ազգային անվտանգության ծառայությունը, եթե ձերբակալել է մարդկանց, որոնք ընդամենը տարանցիկ երթուղով գնում էին ծառայության: Հարցերն ընդհանրապես շատ են, այն իմաստով, որ դժվար է պատկերացնել, թե վագներականները Ռուսաստանում գործում են իրապես մասնավոր հիմունքով եւ կապ չունեն ուժայինների հետ:
 
Երկրում, որտեղ անգամ լրատվամիջոցները չեն գործում առանց կրեմլյան բարձրագույն կուրացիայի, որքա՞ն է ողջախոհ դիտվում հանգամանքը, թե կարող է անվտանգային ծառայությունների համակ ուշադրությունից ու ենթակայությունից դուրս գործել մասնավոր ռազմական կազմակերպությունը:
 
Հետեւաբար, ինչպե՞ս կարող էին վագներականները ստանալ որեւէ պատվեր, եւ այն մանրադիտակի ներքո չքննեին ռուսական հատուկ ծառայությունները, միաժամանակ չհաղորդակցվեին այդ առնչությամբ Բելառուսի հետ՝ տարանցիկ ճանապարհին խնդիր չառաջացնելու համար:
 
Ավելին, արդյոք անգամ ձերբակալվելուց հետո Լուկաշենկոն մինչեւ հայտարարելը, որ ռուսական այդ մարտիկները եկել են իրավիճակն ապակայունացնելու, չէր փորձել Ռուսաստանի հետ ճշտել ու հասկանալ վիճակը: Լուկաշենկոն հիմա՞ր էր, որ բարձրաձայն աներ այդպիսի քաղաքական հայտարարություն եւ մեղադրեր Ռուսաստանին իրավիճակն ապակայունացնելու փորձի համար:
 
Այլ կերպ ասած, կամ հիմար վիճակում է հայտնվել ռուսական անվտանգության ծառայությունը, եթե աշխատել է այն օպերացիան, որի մասին խոսվում է, կամ պարզապես պատմությունը հաշվարկված է հիմար ունկնդիրների համար:
 
Ինչ վերաբերում է ուկրաինացի պաշտոնյային, ապա ուկրաինական քաղաքականության մեջ ռուսական կադրային «ներդրումները» բոլորովին նորություն չեն եւ դրանք անհրաժեշտ պահին փորձում են ապահովել «վերադարձելիությունը»: Այդպիսին է Բոգդանը, թե ոչ, դժվար է ասել, բայց որ կա այդ լայն երեւույթը, դրա մասին խոսում են ուկրաինացի հայտնի լրագրողներ, փորձագետներ ու քաղաքական գործիչներ:
 
Այստեղ հետաքրքիր է այն տրանսֆորմացիան, որ ապրեց Բելառուսի իրավիճակը եւ անձամբ Լուկաշենկոն, որ ընտրությունից առաջ միարժեք մեղադրում էր Ռուսաստանին՝ իրավիճակը ապակայունացնելու, ինքնիշխանության դեմ պահանջներ ներկայացնելու համար, իսկ այժմ փաստացի հանձնվել է Ռուսաստանին եւ արդեն ինքն իր բերանով խնդրել ուժային օգնություն: Բելառուսում թերեւս իսկապես իրականացվել է բավականին խորը մշակված օպերացիա: Ամբողջ հարցն այն է, թե որտեղ է այն մշակվել:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play