Սեփական քարոզչության հարվածը Ռոբերտ Քոչարյանին


Սեփական քարոզչության հարվածը Ռոբերտ Քոչարյանին

  • 11-09-2020 10:20:12   | Հայաստան  |  Վերլուծություն

Ես երբեք չեմ զբաղվել PR-ով, «Հաղթանակած» երիտասարդական շարժման հետ հանդիպմանը ասել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա ասել է, թե գերադասել է ձեռքբերումները ներկայացնելու փոխարեն զբաղվել աշխատանքով: Նա նշել է նաեւ, թե փոքր ինչ կոշտ մարդ է եւ չի կարող ունենալ սենտիմենտալ ելույթներ, ձեւացնել:
 
Ռոբերտ Քոչարյանը մեղմ ասած ձեւացնում է, առնվազն PR-ի առումով, թեեւ ելույթների իմաստով նա իր նախագահության ընթացքում իսկապես աչքի չի ընկել ավելորդ սենտիմենտով: Իսկ ձեռքբերումները ներկայացնելու առումով, նա իհարկե անձամբ չէր զբաղվում դրանով, բայց դրանով զբաղվում էր մի ամբողջ հեռուստատեսային դաշտ՝ Հանրային հեռուստանկերության գլխավորությամբ:
 
Հենց այդ ժամանակ ծնվեց նաեւ հայտնի արտահայտությունը՝ «ուզում եմ ապրել Հայլուրի Հայաստանում»:
 
Ավելին, Հայլուրը եւ հեռուստատեսային դաշտի գերակշռող մասը ներկայացնում էր Ռոբերտ Քոչարյանի կառավարած այնպիսի Հայաստան, որ հանրության մեջ էլ ավելի էր խթանում ցասումը առկա իրականության հանդեպ: Այդ իմաստով, երկրորդ նախագահը նաեւ հենց իր քարոզչության, իր ձեռքբերումների ներկայացման «անգութ» ոճի եւ բովանդակության զոհն էր: Հեռուստաեթերը ներկայացնում էր իրականությունից կտրված, իրականությունն աղավաղած այնպիսի մի պատկեր, որ դա հնարավոր չէր բնորոշել այլ կերպ, քան հանրության հանդեպ բացահայտ արհամարհանք եւ ցինիզմ: Եվ այդ հանգամանքը էլ ավելի էր վանում հանրությանը, չնայած Քոչարյանի նախագահության ընթացքում տնտեսական աճի մեծ տեմպին, փողի, աշխատատեղի ավելացմանը:
 
Եվ գուցե Ռոբերտ Քոչարյանն անկեղծ է զարմանում, թե այդ ամենի պարագայում ինչու՞ են մարդիկ իր հանդեպ տրամադրվել բացասական: Որովհետեւ այդ բացասականության սնուցման գլխավոր աղբյուրը եղել է քարոզչության այն բնույթն ու ոճը, այն բովանդակությունը, որով սպասարկվել է այդ նախագահությունը:
 
Ռոբերտ Քոչարյանը նաեւ հայտարարել է, որ նախ պետք է «կերակրել ժողովրդին», հետո խոսել նրա հետ վեհ գաղափարներից, ժողովրդավարություն կառուցել եւ այլն:
 
Խորքային առումով այստեղ անշուշտ կա ռացիոնալության որոշակի բաղադրիչ: Բավական դժվար է արդյունավետ համակարգային ռեֆորմներ իրականացնել այն պարագայում, երբ հանրությունը գտնվում է սոցիալական ծանր իրավիճակում: Այդ դեպքում ռեֆորմները ստանում են քաղաքական հավելյալ ռիսկեր, իշխանության կորստի ռիսկն է մեծանում, հետեւաբար մեծանում է այն չկորցնելու համար ուժի կիրառման անհրաժեշտությունը… Կա իսկապես բավականին բարդ շրջապտույտի շղթա:
 
Ամբողջ հարցն այն է սակայն, որ Ռոբերտ Քոչարյանն իրավիճակի էական ռեֆորմացիայի չգնաց անգամ սոցիալ-տնտեսական վիճակը էապես փոխելուց հետո, երբ ապահովվեց երկնիշ տնտեսական աճ, ներդրումների աճ, սոցիալական լարման էական նվազում: 2006 թվականին նա արտգործնախարար Վարդան Օսկանյանի միջոցով սկսեց խոսել «երկրորդ սերնդի բարեփոխումների» անհրաժեշտության մասին, ընդ որում ուշագրավ ակնարկ-շեշտադրումով, թե այդ բարեփոխումներն արդեն պետք է «ցավոտ լինեն էլիտայի համար»:
 
Բայց Ռոբերտ Քոչարյանը, որ այժմ հայտարարում է կոշտ ու նպատակային լինելու մասին, չհամարձակվեց գնալ այդ «էլիտայի» դեմ եւ հասնել իր նպատակին: Իսկ նպատակը թերեւս ԲՀԿ միջոցով իշխանությունը պահելն էր, Վարդան Օսկանյանի միջոցով նախագահի պաշտոնը պահելը: Ռոբերտ Քոչարյանը իշխանության հետագա ճարտարապետության համար պայքարում տանուլ տվեց Սերժ Սարգսյանին եւ ՀՀԿ-ին, կամ այլ կերպ ասած այն «էլիտային», որի համար պետք է «ցավոտ լինեին երկրորդ սերնդի բարեփոխումները»:
 
Իհարկե, այժմ Ռոբերտ Քոչարյանը նշում է, թե չի ունեցել իշխանությունը շարունակելու նպատակ եւ մտածել է, որ ինքն արել է, իսկ այլք թող շարունակեն իրենից լավ: Անշուշտ, դժվար է խոսել շարունակության նպատակի մասին, երբ այն չի արդարացել: Այդ դեպքում կստացվի, որ երկրորդ նախագահը այնքան էլ հաղթանակած չէ եւ առնվազն մի անգամ տանուլ տված է՝ քաղաքական նպատակների եւ ծրագրերի իմաստով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play