Տարօրինակ իրավիճակ. Լուկաշենկոն ի պահ է տվել իշխանությունը


Տարօրինակ իրավիճակ. Լուկաշենկոն ի պահ է տվել իշխանությունը

  • 12-09-2020 13:25:46   | Հայաստան  |  Վերլուծություն

Բելառուսի նախագահի թեկնածու, հետընտրական բողոքի ակցիաների առաջին օրերից արտերկրում հայտնված Սվետլանա Տինախովսկայան հայտարարել է, որ հնարավոր է ձեւավորվի ընդդիմության համակարգող նոր խորհուրդ, քանի որ խորհրդի 9 անդամներից 8-ը կամ Բելառուսում չեն, կամ բանտում են, բացի գրող Սվետլանա Ալեքսեեւիչից:
 
Բելառուսում տարօրինակ վիճակ է, գրեթե բոլոր առումներով՝ իշխանության ընտրակեղծարարության դեմ հանրության ստանդարտ համաժողովրդական բողոքի պարագայում:
 
Հետընտրական բողոքի առաջին թեժ ակցիաներից եւ բախումներից հետո արտերկրում հայտնվեց Տիխանովսկայան, մինչ այդ տարածելով տեսանյութ, որտեղ կոչ էր անում բելառուսցիներին դուրս չգալ փողոց, հայտարարելով, որ թանկ է երեխաների ապագան: Տիխանովսկայան, որի բլոգեր ամուսինը պետք է լիներ նախագահի թեկնածու, բայց հայտնվեց բանտում, նախագահի թեկնածու դարձավ փաստացի նրա փոխարեն: Գործնականում կասկած չի հարուցում, որ հետընտրական շրջանում նրան ուժով են հեռացրել Բելառուսից եւ սպառնալիքով են ստացել այդ կոչ տեսանյութը:
 
Միեւնույն ժամանակ, ուժով հեռացնել չհաջողվեց Մարիա Կոլեսնիկովային՝ բելառուսական բողոքի մյուս կին առաջնորդին, որը մեկ այլ թեկնածու, դարձյալ բանտում հայտնված Բաբարիկոյի շտաբի համակարգողն էր: Կոլեսնիկովան, ըստ տեղեկության, պատռել է իր անձնագիրն ու թույլ չի տվել Մինսկի կենտրոնում իրեն առեւանգած իշխանությանը հեռացնել իրեն Ուկրաինա: Այժմ Կոլեսնիկովան ձերբակալված է, քրեական գործ է հարուցված իշխանության յուրացման փորձի հատկանիշով:
 
Համակարգող խորհրդի այլ անդամների ուժով դարձյալ հեռացրել են Բելառուսից: Հետաքրքիր է, որ փաստորեն Կոլեսնիկովան է գլխի ընկել դիմադրության յուրահատուկ ձեւի եւ Բելառուսում մնալու հարցում՝ պատռել անձնագիրը: Միեւնույն ժամանակ հետաքրքիր է նաեւ այն, որ նրան ուժով հեռացնել փորձողները նախապես չեն վերցրել նրա ձեռքից անձնագիրը:
 
Կոլեսնիկովայի ձերբակալությունից հետո հատկանշական նախաձեռնություն եղավ Լիտվայից: Լիտվան դիմեց Եվրամիությանը Տիխոնովսկայային Բելառուսի ընտրյալ նախագահ ճանաչելու կոչով: Սակայն, քիչ է հավանականությունը, որ ԵՄ ընդունի այդ կոչը, այն դեպքում, երբ Եվրամիության առաջատար երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի ղեկավարները, նաեւ Իտալիան, դեմ են Լուկաշենկոյի դեմ անձնական պատժամիջոցներին, որովհետեւ դա կկտրի Մինսկի հետ աշխատելու հնարավորությունը:
 
Նրանք հազիվ թե գնան Տիխոնովսկայային Բելառուսի ընտրյալ նախագահ ճանաչելու տարբերակով, գոնե առայժմ: Լիտվայի կոչին հաջորդում է Տիխանովսկայայի հայտարարությունը, որ հնարավոր է ընդդիմության նոր համակարգող խորհուրդ: Խոշոր հաշվով, դա տրամաբանական է թվում, քանի որ նախկինը փաստացի կազմալուծված է:
 
Մյուս կողմից, այդ զարգացումները հատկանշական են Կոլեսնիկովայի արտառոց քայլի ֆոնին, որով նա մնալով Բելառուսում եւ հայտնվելով բանտում, մեծ հաշվով դառնում է դիմադրության խորհրդանիշ: Արդյոք դրան հակակշռելուն էր միտված Լիտվայից Տիխանովսկայայի վերաբերյալ նախաձեռնությունը՝ ճանաչել նրան նախագահ: Ըստ երեւույթին, չարժե հաշվից դուրս դնել այն, որ Մարիա Կոլեսնիկովան նախագահի թեկնածու Բաբարիկոյի շտաբի պետն է, որը համարվում էր Մոսկվայի «պահեստային տարբերակ»:
 
Ադ ընթացքում նախագահի պաշտոնը զբաղեցնող Լուկաշենկոն շարունակում է հավատարմության ինտենսիվ երդումները Ռուսաստանին, իսկ սեպտեմբերի 14-ին մեկնելու է Պուտինի հետ հանդիպման:
 
Լուկաշենկոն մինչ այդ հայտարարել է, թե իշխանությունը վերցնելու եւ որեւէ մեկին տալու բան չէ: Խոշոր հաշվով նա իրավացի է՝ իշխանությունը վերցնում են, չեն ստանում: Մյուս կողմից, Լուկաշենկոն իրավացի է նաեւ այն առումով, որ Բելառուսում այլեւս ինքը չէ որոշողը՝ պահել, թե թողնել իշխանությունը, դա որոշում է Պուտինը: Եվ մեկ այլ առումով՝ իսկ ու՞մ է հնարավոր հանձնել Բելառուսի իշխանությունը: Ժողովրդին պատասխանը խիստ տեսական ու հիպոթետիկ է, որովհետեւ քաղաքականությունն ի վերջո ուժերն են, այո՝ ժողովրդի հավանությանն արժանացող, բայց ուժերը: Ինչպիսի՞ն է նրանց դասավորությունը Բելառուսի առումով: Լուկաշենկոն հանձնել է իշխանությունը, ընդունողի հարցն է այժմ գլխավոր քաղաքական բացը: Մեծ հաշվով, ներկայումս մի վիճակ է, երբ Բելառուսի իշխանությունն ի պահ է տրված Կրեմլին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play