Թուրքիան մեծ ծառայություն մատուցեց Հայաստանին


Թուրքիան մեծ ծառայություն մատուցեց Հայաստանին

  • 15-09-2020 10:18:24   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանցի պատգամավոր Սամեդ Սեիդովը հայտարարել է, որ որոշել են դիմել միջազգային կազմակերպություններին «Լեռնային Ղարաբաղում Հայաստանի կողմից իրականացվող բնակեցման ապօրինի քաղաքականության հարցով և արել են դա»: Ադրբեջանը դիմել է նաեւ ԵԽԽՎ նախագահին ու գլխավոր քարտուղարին:
 
Ադրբեջանի ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին բողոք է հայտնել Արցախում լիբանանահայերի բնակեցման հարցով: Բեյրութի ավերիչ պայթյունից հետո Արցախում լիբանանահայ ընտանիքների բնակեցման շուրջ արտահայտվել է նաեւ Ադրբեջանի արտաքին քաղաքականության համակարգող Հիքմեթ Հաջիեւը:
 
Բաքուն չի թաքցնում տագնապալի տրամադրությունները, որ հայերն այլեւս ուշադրություն չեն դարձնում Բաքվի վրա՝ որոշում կայացնելով Արցախի վերաբնակեցման վերաբերյալ: Երկար ժամանակ Հայաստանի ու Արցախի ղեկավարությունները, հնարավոր է, կաշկանդված լինելով որոշակի պայմանավորվածություններով, առանձնապես չեն խթանել վերաբնակեցումն Արցախում: Հայկական դիվանագիտությունը կառուցված էր այն բանի վրա, որ Ադրբեջանը պարտված կողմ է, որն առանց այդ էլ շատ բան է կորցրել եւ չարժե նոր «բարոյական հարվածներ» հասցնել նրան:
 
Հայերի նման «դաստիարակվածությունն» ու հանդուրժողականությունը հաճո էր Բաքվի քիմքին, բայց հիմա, երբ հայերը սկսեցին մտածել, թե ինչու պետք է Բաքվին հաշվի առնել Արցախը վերաբնակեցնելիս, տագնապ առաջացավ Ադրբեջանում:
 
Ադրբեջանական լրատվամիջոցները լի են Արցախ ԱՍԱԼԱ-ի մարտիկների տեղափոխության մասին միֆերով, Բաքվում բոլոր անգլերեն իմացողները նամակներ են գրում միջազգային ատյաններ՝ չթաքցնելով գլխավոր վախը՝ հայերը դադարել են նկատել Ադրբեջանը:
 
Բացի այդ, Բաքուն փորձում է հետ մղել հզոր հարվածը, որն Ադրբեջանին հասցրել է Թուրքիան: Համաշխարհային լրատվամիջոցները գրել են, որ Թուրքիան Ադրբեջան է տեղափոխել Սիրիայում կռված վարձկան ահաբեկիչների: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Կահիրեում եգիպտացի գործընկերոջ հետ զրույցում ասել է. «Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Մենք ականատես ենք լինում ազդեցության տարածման այս քաղաքականությանն Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հարավային Կովկաս»:
 
Թուրքիան, գրոհայինների տեղափոխելով Ադրբեջան, արջի ծառայություն է մատուցել կրտսեր եղբորը՝ Ադրբեջանի համար ամրապնդելով ահաբեկչական պետության իմիջը: Ռամիլ Սաֆարովի հերոսացումից, ատոմակայանին հարվածելու սպառնալիքներից, թուրք ահաբեկիչների տեղաափոխության մասին տեղեկություններից հետո Բաքուն բողոքում է Արցախում մի քանի խաղաղ լիբանանայ ընտանիքների բնակեցումից:
 
Թուրքիան չէր կարող ավելի մեծ ծառայություն մատուցել Հայաստանին՝ այսքան հզոր փաստարկ տալով:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play