Հեղափոխությանը սպառնացող գլխավոր վտանգը


Հեղափոխությանը սպառնացող գլխավոր վտանգը

  • 15-09-2020 16:30:49   | Հայաստան  |  Վերլուծություն

Խորհրդարանն ընտրեց Սահմանադրական դատարանի թափուր երեք տեղի թեկնածուներին եւ Արթուր Վաղարշյանը (նախագահի ներկայացրած), Երվանդ Խունդկարյանը (ԲԴԽ) եւ Էդգար Շաթիրյանը (կառավարության ներկայացրած) դարձան ՍԴ դատավորներ: Երեք թեկնածուների վերաբերյալ հանրային մոտեցումները բնականաբար տարբեր էին, եւ մասնավորապես ուշադրության արժանին այն էր, որ երեք թեկնածուին էլ ասոցացնում էին նախկին համակարգի հետ: Առավել եւս, որ Խունդկարյանն օրինակ Վճռաբեկ դատարանի նախագահ է եղել նախկին համակարգի շրջանում:
 
Այդպիսով, Իմ քայլը մեծամասնության քվեարկությունը դիտարկվեց որպես նահանջ հեղափոխությունից: Իմ քայլը հակադարձում էր, որ չի ուզում նախկին համակարգի ՍԴ-ն փոխարինել իր ՍԴ-ով եւ այդ իսկ պատճառով ձեւավորում է այնպիսի դատարան, որը չի ասոցացվի իր քաղաքական քմահաճույքին:
 
Անկասկած է, որ խորհրդարանի մեծամասնությունը քվեարկել է քաղաքական որոշումով: Թե որն է այդ որոշման գլխավոր շարժառիթը, կմնա հանրային հարաբերական ընկալման տիրույթում: Ընդհանրապես կասկած չկա, որ կարծիքները միշտ հարաբերական եւ հակասական էին լինելու, ով էլ ներկայացվեր ՍԴ դատավորի թեկնածու:
 
Անհրաժեշտ է թերեւս արձանագրել մի քանի պարզ իրողություններ, որոնք ծածկվում են սոցցանցային աղմուկով: Թե Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը, թե այդ հեղափոխությունից առաջ եւ հետո ապրող հանրությունը բազմազան է իր շահերով, մոտեցումներով, մտածողությամբ, առաջնահերթություններով եւ այլն:
 
«Հեղափոխություն» բառը ներառում է, ոչ թե չեղարկում այդ բազմազանությունը, բազմերանգությունը, բազմաշերտությունը: Ըստ այդմ, «հեղափոխությունն» այդ իմաստով չի կարող լինել բազմամյա օգտագործման լուծում, եւ պահանջվում են մոտեցումներ եւ լուծումներ, որոնք հաշվի են առնում հանրային բազմերանգությունը, շահերի բազմաշերտությունն ու հարաբերականությունը:
 
Այդ իմաստով, Հայաստանում կա հետհեղափոխական ճգնաժամ, առաջին հերթին այն պատճառով, որ կա իրականացվող կառավարման դիմաց բովանդակային ընդդիմախոսության վակուում, քանի որ ընդդիմախոսության բովանդակությունը գերազանցապես փոխարինվում է «հեղափոխություն» բառով:
 
Հետեւանքն այն է, որ ոչ միայն չի ձեւավորվում ապագային միտված բովանդակային հասարական-քաղաքական դիսկուրս՝ նախկինի հետ հավերժական կռվի փոխարեն, այլ նաեւ արժեզրկման վտանգի տակ է հայտնվում 2018-ին տեղի ունեցածը: Հայաստանում թավշյա հեղափոխության սպառնալիքն այն չէ, որ դրանից հետո նախկին համակարգի հետ ասոցացվող որեւէ մեկը կարող է մնալ դատավոր, դառնալ դատավոր, կամ լինել պաշտոնյա:
 
Գլխավոր վտանգը այն է, որ 2018-ին տեղի ունեցածի վրա կառուցվող հասարակական-քաղաքական դիսկուրսը չի անցնում նախկինի ու ներկայի, կամ հեղափոխության ու հակահեղափոխության տրամաբանությունից:
 
Իսկ հանրությունն այդ ընթացքում իր բազմաշերտությամբ եւ բազմերանգությամբ, իր տարաբնույթ շահերով ապրում է սոցցանցից դուրս:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play