Նախկին դեսպանը ցույց է տվել Հայաստանի հեղափոխական նպատակի բացակայությունը


Նախկին դեսպանը ցույց է տվել Հայաստանի հեղափոխական նպատակի բացակայությունը

  • 15-09-2020 18:26:42   | Հայաստան  |  Վերլուծություն

Լեհաստանի արտգործնախարարությունը հրապարակել է Հայաստանում Եվրամիության նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկու գիրքը հայկական հեղափոխության մասին, որտեղ նախկին դեսպանը տալիս է նախահեղափոխական վիճակի բավականին ճշգրիտ մեկնաբանություն եւ դիտարկում հետհեղափոխական ռիսկեր ու խնդիրներ, դարձյալ զգալիորեն ճշգրիտ եւ հետաքրքիր:
 
Մասնավորապես, նա բարձրացնում է թերեւս ամենակարեւոր հարցը՝ «Ցանկացած հասարակություն իր երկրի բարեփոխման գործընթացում հստակ և ոգեշնչող նպատակների կարիք ունի»: Որն է լինելու այդ նպատակը, հարցնում է նախկին դեսպանը:
 
Հայաստանյան հանրային-քաղաքական «դիսկուրսը» գրեթե չի շոշափում, բացարձակապես չի կենտրոնանում հետհեղափոխական եւ ընդհանրապես պետական ռազմավարության ամենակարեւոր հարցի վրա: «Արևելյան Եվրոպայի երկրների համար ազգերի արևմտյան ընտանիքին միանալու և ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարը նման ոգեշնչող նպատակ էր: Այժմ նրանց համար այդ ոգեշնչող նպատակը իրենց և Արևմտյան Եվրոպայի հարուստ երկրների միջև բարեկեցության անջրպետի կրճատումն է», խոսում է դեսպանն ու հարցնում հայերի նպատակի մասին:
 
Անկասկած է, որ Արեւելյան Եվրոպայի ժողովուրդների օրինակը կարող է հայերի համար դիտարկելի լինել երեւույթի, բայց ոչ բովանդակության իմաստով, մի շարք օբյեկտիվ քաղաքական հանգամանքների եւ իրողությունների բերումով: Բայց, միավորող ընդհանուր նպատակի հարցը արդիական է ու կենսական: Ադ նպատակի ձեւավորման փորձ արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2019-ի օգոստոսի 5-ին Ստեփանակերտում, իսկ 2020 թվականի ապրիլի 24-ի ուղերձում էլ հայտնել, որ մոտ ապագայում հանրության քննարկմանը կներկայացնի նպատակի առարկայական շարադրումը:
 
Չի բացառվում, որ ուշացումը պայմանավորված է համավարակային իրողությամբ, որը խլում է ժամանակ եւ էներգիա: Մյուս կողմից, սակայն, այդ ընթացքում ներքին հասարակական-քաղաքական գործընթացները եւ «դիսկուրսը» շարունակում են քայքայել այն շերտը, որի վրա հնարավոր է կառուցել հանրային նպատակային համախմբում, ոգեւորող գաղափարի ձեւակերպում:
 
 
Մյուս կողմից, Հայաստանում բուն խնդիրը գիտակցված չէ քաղաքական խմբերի եւ էլիտաների մտածողության մակարդակում որպես սեփական քաղաքական շահից բխող անհրաժեշտություն: Պետական եւ հանրային ապագայի, ռազմավարական հեռանկարի հետ կապված նպատակադրումները հայկական քաղաքական դասի վարքագծում հռետորաբանություն են, իսկ մտածողության մակարդակում զուրկ են մասշտաբից:
 
Այդ իրողությունը բերում է ներքաղաքական դիսկուրսի կամ զուտ դասագրքային, տեսական, Հայաստանի ներքին ու արտաքին խնդիրների հետ գրեթե կապ չունեցող «աբստրակցիայի», կամ շրիշակային մակարդակի «ռազբորկաների»: Հանրագումարն այն է, որ ընդհանուր նպատակին ամենից մոտ է ստացվում «վրեժխնդրությունը» կամ «հաշվեհարդարը»: Որքան էլ տարօրինակ հնչի, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը մինչեւ հեղափոխությունն առավել աչքի էր ընկնում ստեղծագործական պաշարով, քան հեղափոխությունից հետո:
 
Այդ առումով, նախկին դեսպանը խոշոր հաշվով մատնացույց է անում հեղափոխության էներգետիկ վերելքի ֆոնին քաղաքականության ստեղծագործական անկումը: Փորձառու դիվանագետը դրանով իսկ արձանագրում է հայկական հեղափոխության քաղաքական կապիտալիզացիայի խնդիրը՝ ներսի եւ դրսի համախառն իմաստով:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play