Ուշագրավ հանդիպում Մոսկվայում. ծրագրվում է հայ-ռուսական պատասխա՞ն


Ուշագրավ հանդիպում Մոսկվայում. ծրագրվում է հայ-ռուսական պատասխա՞ն

  • 13-10-2020 18:12:13   | Հայաստան  |  Վերլուծություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հոկտեմբերի 13-ին տարածել է տեղեկություն Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հարցերի ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Բոգդանովի եւ Հայաստանի արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Կարապետյանի հանդիպման մասին:
 
Ըստ հաղորդագրության, հանդիպման ընթացքում «մտքերի հանգամանալից փոխանակում» է տեղի ունեցել Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակի կապակցությամբ, շեշտը դնելով Սիրիայի եւ Լիբիայի հակամարտությունների կարգավորման, ինչպես նաեւ պաղեստինա-իսրայելական հակամարտության վրա: Շոշափվել է նաեւ Լիբիայում սոցիալ-տնտեսական իրավիճակը, եւ այդ ռեգիոններում քրիստոնյա փոքրամասնությունների իրավիճակը, նշված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:
 
Խնդիրների չափազանց հետաքրքիր շրջանակ է, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ: Նախ, երկարատեւ «բացակայությունից» հետո Հայաստանը հայտարարեց Մերձավորարեւելյան ուղղությամբ ակտիվ քաղաքականության մասին, ընդգծելով, որ իր անվտանգությանն առնչվող շրջանակը դիտարկում է ոչ միայն Կովկասով, այլ նաեւ վերը նշված ռեգիոններով:
 
Բացի այդ, Արցախի դեմ պատերազմը սանձազերծել են Թուրքիան՝ Բաքվի միջոցով, եւ փաստացի Իսրայելը՝ սպառազինության անընդհատ սնուցման միջոցով: Միաժամանակ, ներբեռնվել են նաեւ ահաբեկիչներ Սիրիայից ու Լիբիայից:
 
Արդյոք Մոսկվայում մերձավորարեւելյան եւ հյուսիսաֆրիկյան շրջանների օրակարգի հայ-ռուսական քննարկումը Կովկասում հրադադարի հաստատման հայ-ռուսական համատեղ ջանքի մաս է: Արդյոք ծրագրվում է թուրքական եւ իսրայելական շարունակվող պատերազմահենությանը հայ-ռուսական համատեղ որեւէ պատասխան Մերձավոր Արեւելքում կամ Հյուսիսային Աֆրիկայում, թե՞ պատրաստվում է համատեղ քննարկումների շրջանակ՝ թե Իսրայելի, թե Թուրքիայի հետ:
 
Կասկածից վեր է անշուշտ, որ Արցախի դեմ ներկայում կազմակերպված ահաբեկչական պատերազմը ռեգիոնալ այդ լայն շրջանակի շերտերը ներառող եւ արտոցոլող արկածախնդրություն է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play