Անսպասելի իրավիճակ ԱՄՆ-ում. ինչ հետեւանքներ կունենա ամերիկյան ընտրությունը


Անսպասելի իրավիճակ ԱՄՆ-ում. ինչ հետեւանքներ կունենա ամերիկյան ընտրությունը

  • 05-11-2020 10:49:09   | Հայաստան  |  Վերլուծություն

ԱՄՆ նախագահի ընտրության ձայների հաշվարկը ընթանում է բավական լարված եւ սուր մրցակցության պայմաններում: Ձայների հաշվարկի ընթացքն այնպիսին էր, որ վճռորոշ իրավիճակ ստեղծվեց Միչիգանում: Այնտեղ Թրամփի առավելությունը նշանակելու էր Բայդենի թերեւս անխուսափելի պարտություն, քանի որ մնացած մի քանի նահանգների մեծ մասում առաջատարը Թրամփն էր, իսկ Բայդենի հաղթանակը կարող էր նշանակել Թրամփի ընդհանուր պարտություն, քանի որ այդ մնացած նահանգներից այլ երկուսում առաջատար էր Բայդենը եւ դրանք ընտրիչի բավարար քանակ էին տալիս նրա 270 ձայնն ապահովելու համար:
 
Միչիգանում հաղթեց Բայդենը, եւ այժմ վճռորոշ է Նեվադան, որտեղ նա առաջատար է եւ որտեղից ընտրիչների 6 ձայնը Բայդենին տալիս է հաղթելու համար անհրաժեշտ 270-ը: Մինչդեռ, Թրամփը այդ ընթացքում սկսում է վիճարկել Միչիգանում ձայների հաշվարկը:
 
ԱՄՆ նախագահի հերթական ընտրությունը աննախադեպ լարված ստացվեց: Կա իհարկե Բուշ կրտսեր-Գոր հայտնի նախադեպը, երբ մի քանի օր շարունակ Ֆլորիդայում կար հաշվարկի խնդիր, որտեղ ի դեպ նահանգապետ էր Բուշի եղբայրը, ինչը լրացուցիչ ինտրիգ էր հաղորդում խնդրին: Բայց դա բոլորովին այլ Ամերիկա էր, քան այն, որ կա այժմ:
 
Այն Ամերիկան ինստիտուցիոնալ սահունությամբ հաղթահարեց խնդիրը, եւ Գորը, ընդունելով իր պարտությունը, շնորհավորեց Բուշ կրտսերին:
 
Ներկայիս նախագահի թեկնածու, գործող նախագահ Թրամփը հայտարարություններ է արել, որոնք ցույց են տվել, որ նա կարող է չընդունել իր պարտությունը: Ընդ որում, նման հայտարարություններ են եղել նաեւ Բայդենի թիմից, որ պարտության դեպքում նա եւս հղում անելով հնարավոր կեղծիքին՝ կարող է չընդունել այն:
 
Սակայն, ամբողջ հարցը այն է, որ մեծ է պարտությունն այսպես ասած «փողոցում» չընդունելու հավանականությունը, որեւէ մեկի դեպքում: Այսինքն, ընտրության արդյունքի վիճարկումը ընթանա ոչ թե ԱՄՆ-ին բնորոշ ինստիտուցիոնալ ճանապարհով, այլ դրանից դուրս` փողոցում: Առավել եւս, որ ամերիկյան փողոցներում արդեն իսկ ամիսներ է, ինչ հանգիստ չէ:
 
Նախագահ Թրամփը հայտարարում էր, որ անկարգությունները «անարգել» ծավալվում են առավելապես դեմոկրատ ղեկավարներ ունեցող նահանգներում եւ քաղաքներում, եւ այդ անկարգությունները փորձում են օգտագործել իր դեմ:
 
Եթե դիտարկենք Թրամփի այդ կանխավարկածի տրամաբանությամբ, ապա ընտրությունը տանուլ տալու դեպքում նա դուրս կգա՞ դեմոկրատների դեմ «նրանց զենքով»: Եվ հակառակը` արդյոք դեմոկրատները կսկսեն հետընտրական արդեն անմիջական փողոցային պայքար:
 
ԱՄՆ համար իրավիճակը իրապես հղի է անկանխատեսելիության էական վտանգով, ինչը բացարձակապես պետք չէ թե Նահանգներին, թե նաեւ աշխարհին, քանի որ Նահանգների անկանխատեսելիությունը կարող է առաջացնել որոշակի փլուզումներ միջազգային քաղաքականության մի շարք ուղղություններում, հաշվի առնելով ԱՄՆ աշխարհաքաղաքական առայժմ գերիշխող նշանակությունն ու դերը:
 
Միեւնույն ժամանակ, միջազգային իրողություններում փլուզումները գործնականում արդեն իսկ իրականություն են, ընդ որում դեմոկրատ Օբամայի վարչակազմի պաշտոնավարումից սկսած: Եվ հարց է առաջանում՝ արդյոք ամերիկյան ընտրությունը կհանգեցնի դրանց վերջնական փլուզման, եւ կսկսի նոր աշխարհակարգի կառուցման ավելի գործուն եւ արդյունավետ ընթացք:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play