Հրաժարական. կյանքի ու մահվան հարց


Հրաժարական. կյանքի ու մահվան հարց

  • 16-11-2020 15:10:21   | Հայաստան  |  Վերլուծություն

Իմ օրակարգում մի հարց է՝ հանրապետության կայունության ապահովումը, ի պատասխան հրաժարական տալու վերաբերյալ հարցի, հայտարարել է Նիկոլ Փաշինյանն իր առցանց ասուլիսի ընթացքում: Հրաժարականի հարց իմ օրակարգում այսօր չկա, իմ օրակարգում այսօր կա մի հարց՝ կայունության ապահովումը, հայտարարել է Փաշինյանը:
 
Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում են ընդդիմադիր քաղաքական ուժերը, ինչպես նաեւ պահի տրամաբանությունը՝ Հայաստանը պարտվել է պատերազմում եւ ստիպված եղել ստորագրել կապիտուլյացիոն համաձայնագիր, եւ անկախ դրանում օբյեկտիվ հանգամանքներից, պարտված ղեկավարը պետք է հեռանա:
 
Միաժամանակ, ինչպես նկատում է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, ներկայումս, եւ թերեւս միշտ, շատ կարեւոր է այն, թե ինչ է լինում հեռացողից հետո: Այդ իմաստով, Նիկոլ Փաշինյանն էլ իրավացի է, որ օրակարգում պետք է լինի կայունության խնդիրը: Այդպիսով, նրա պատասխանը հրաժարականի վերաբերյալ հարցին, մի կողմից մերժողական է՝ չկա այդպիսի հարց օրակարգում, մյուս կողմից՝ բազմիմաստ: Բազմիմաստ այն իմաստով, որ հրաժարական կարող է լինել, եթե դա է պահանջում նրա օրակարգում եղած միակ հարցը՝ կայունությունը:
 
Սակայն մինչ այժմ պարզ չէ, թե ինչ է պահանջում Հայաստանի կայունությունը: Այն կանգնել է Հայաստանի համար հետհեղափոխական գլխավոր խնդրի՝ իշխանփության փոփոխության լեգիտիմ սխեմայի բացակայության առաջ: Խնդիր, որի մասին խոսել եմ պարբերաբար, նշելով, որ Հայաստանի հետհեղափոխական օրակարգը չպետք է լցվի նախկին-ներկայով, որ Հայաստանի գլխավոր խնդիրը նախկին համակարգը չէ, այլ արտաքին անվտանգային ռազմա-քաղաքական մարտահրավերները, որից էլ ածանցվում են մյուս հարցերը:
 
Այսօր Հայաստանը կանգնած է մի խնդրի առաջ, որը հետհեղափոխական շրջանում «նախկին-ներկա» պատերազմի մեջ ճոճվող հանրային կյանքում դարձել էր բազմակողմ թամաշայի, օրվա հացի եւ նաեւ որոշ առումներով հացկատակության առարկա, սակայն ոչ էական քննարկումների: Դրանք բացառվում էին երկուստեք վարքով, փոխադարձ հայհոյախառն հռետորաբանությամբ:
 
Քննարկումներ, որոնք պետք է նախաձեռներ առաջին հերթին հենց իշխանությունը, որովհետեւ տրամաբանությունը հուշում է, որ առաջին հերթին հենց իշխանության համար պետք է իշխանությունը դադարի լինել կյանքի ու մահվան հարց:
 
Մինչդեռ, Հայաստանում այն ինչպես հեղափոխությունից առաջ էր այդպիսի տրամաբանության մեջ, այդպես էլ մնաց հեղափոխությունից հետո: Ու այժմ էլ, հետպատերազմյա քննարկումները ծավալվում են այդ տրամաբանության մեջ, ինչը գործնականում անհնար է դարձնում որեւէ ռացիոնալ եւ լեգիտիմ լուծման հնարավորություն:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

lragir.am

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play