Պուտինի պատմական նվերը հայ ժողովրդին. Ղարաբաղի ուրվականը Մոսկվան դեռ երկար է հիշելու


Պուտինի պատմական նվերը հայ ժողովրդին. Ղարաբաղի ուրվականը Մոսկվան դեռ երկար է հիշելու

  • 16-11-2020 17:53:31   | Հայաստան  |  Վերլուծություն

Մինչ հայաստանյան քաղաքական դասը զբաղված է փոխադարձ մեղադրանքներով, Ղարաբաղը լավ կամ վատ տարբերակով, ուշ թե շուտ հանձնելու մասին վեճերով, Ռուսաստանին արդարացնելու բուռն ու իրարամերժ փաստարկներով, ՌԴ նախագահ Պուտինը Մոսկովյան իր տիրական հեռվից հայտարարեց, որ ինքն է կազմել եռակողմ հայտարարության տեքստը:
 
Պուտինի հայտարարությունն անկասկած պատմական նվեր է Հայաստանին ու հայ ժողովրդին, որը 200 տարի դեգերում է հայտնի մուրճի ու սալի արանքում, կորցնելով իր պատմական արեալի 90 տոկոսը: Հիմա Հայաստանում համոզմունք է ձեւավորվում, որ հայկական մեծ կորուստների գնով պատերազմի նպատակը Ղարաբաղի օկուպացիան էր՝ հայկական պատմական հողի հերթական կտորը թուրքերին նվիրելու համար:
 
Մինչ այդ, ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարեց, որ Ղարաբաղի համար որեւէ կարգավիճակ նախատեսված չէ: Դա նշանակում է, որ Ղարաբաղի մնացած մասը ռուս-թուրքական հետագա առեւտրի համար է պահվում, ռուս «խաղաղապահների» հսկողությամբ:
 
Հայկական քաղաքական դասը զբաղված է այս քաղաքականության դետալների քննարկմամբ, որոնք իհարկե էական են եւ ողբերգական հետեւանքներ են ունեցել հայ ժողովրդի համար: Միեւնույն ժամանակ, նույնիսկ այն պայմաններում, երբ փորձ է արվում մի կողմ դնել Ռուսաստանի պատասխանատվության հարցը, այն ավելի է սրվում: Չափից ավելի մեծ է կորուստը ու սթափեցնող, եւ նույնիսկ մոսկովյան պրոպագանդան ի վիճակի չէ քողարկել այս հանգամանքը:
 
Մոսկվային իհարկե իր վարկը չէ, որ հետաքրքրում է, այլ մուրճի ու սալի «գաղափարաբանության» վախճանի հեռանկարը, թեեւ դա կանխելու համար կա ավանդական թուրքական սպառնալիքը: Բայց թուրքերն էլ արդեն այն վիճակում են, շնորհիվ իհարկե ռուսական քաղաքականության, որ կարող են հանկարծ հրաժարվել այդ դերից կամ դուրս գալ որոշակի պայմանավորված քայլերից՝ Ռուսաստանին աշխարհքաղաքական լուրջ հարված հասցնելու համար, Կովկասից ընդմիշտ դուրս մղելու հեռանկարով: Ի դեպ, ահաբեկիչներն արդեն հասել են Ռուսաստանի համար սակրալ սահմանագիծ՝ Վորոնեժ:
 
Հայաթափված Ղարաբաղի ուրվականը Մոսկվան դեռ երկար է հիշելու, հատկապես երբ իր «խաղաղապահները» մենակ մնան այնտեղ՝ իրենց իսկ ստեղծած «կոլցոյում»: Ի վիճակի՞ են Մոսկվայում փոխել այդ ընթացքը:
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play