Արցախում մինչև 2022-ի մարտը ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի. ԱՀ նախագահը ստորագրել է հրամանը


Արցախում մինչև 2022-ի մարտը ՏԻՄ ընտրություններ չեն անցկացվի. ԱՀ նախագահը ստորագրել է հրամանը

  • 18-02-2021 13:05:30   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ռազմական դրությամբ պայմանավորված, փետրվարի 17-ին ստորագրել է հրամանագիր՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը ԱՀ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չանցկացնելու վերաբերյալ:
 
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը մանրամասնելով և՝ նշելով, որ նախաձեռնությունը եղել է նախարարությանը:
 
«Պատերազմական գործողությունների ընթացքում երկու համայնքի ղեկավարներ զոհվել են, մեկը՝ մահացել: Եվս ութ համայնքի ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են վերջիններիս սեփական դիմումների հիման վրա:
 
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված 11 համայնքներից 5-ը ժամանակավորապես գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, իսկ այդ համայնքների բնակչությունը ներկայումս ստիպված բնակություն է հաստատել Արցախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում, արտահերթ ընտրություններ անցկացնելը տեխնիկապես անհնար է:
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից ակտիվ աշխատանքներ են տարվում տեղական ինքնակառավարման վերաբերյալ օրենսդրության փոփոխությունների կատարման ուղղությամբ: Նշված գործընթացը հաջողությամբ ավարտին հասցնելուց հետո Արցախում կկազմակերպվեն ՏԻՄ ընտրություններ՝ նոր օրենսդրությանը համապատասխան»,-գրել է Խանումյանը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն