Գիտությունների ակադեմիայի համակարգի աշխատակիցների միջին աշխատավարձը մոտ 60 հազար դրամ է
15-04-2011 15:47:49 | Հայաստան | Հասարակություն
2010թ. Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի ստորաբաժանումներում պահպանվել է հիմնարար հետազոտությունների բարձր գիտական մակարդակը, ինչի մասին վկայում է այն, որ արտերկրի հեղինակավոր գիտական ամսագրերում տպագրվել է հայ գիտնականների 668 հոդված եւ 14 մենագրություն, կատարվել են աշխատանքներ 70 միջազգային ծրագրերով՝ 1,5 մլն ԱՄՆ դոլար ֆինանսական ծավալով։ Այս մասին ապրիլի 15-ին ՀՀ ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովում իր հաշվետվության մեջ նշեց ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։
Ըստ նրա, համակարգում աշխատում է 4056 մարդ, որից 2439-ը գիտական աշխատողներ՝ 66 ակադեմիկոս, 62 թղթակից անդամ, 334 գիտության դոկտոր եւ այլն։ Աշխատակիցների միջին աշխատավարձը կազմում է 59,7 հազար դրամ։ Նշվեց նաեւ, որ համակարգի պետական ֆինանսավորումը կազմել է 4 142 763,7 հազար դրամ, ընդհանուր ֆինանսավորման աճը 2010թ.-ին կազմել է մոտ 300 մլն դրամ։ Արտաբյուջետային միջոցների ընդհանուր ծավալը կազմել է 1,9 մլրդ դրամ, որը տարեկան ընդհանուր ֆինանսավորման 33 տոկոսն է։