Նոյեմբերի 9-ից հետո ամենառիսկային իրավիճակն է՝ հաշվի առնելով գործողությունների բնույթը և գործածվող զինատեսակները. քաղաքագետ


Նոյեմբերի 9-ից հետո ամենառիսկային իրավիճակն է՝ հաշվի առնելով գործողությունների բնույթը և գործածվող զինատեսակները. քաղաքագետ

  • 26-03-2022 18:01:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Մեկնաբանություն

Քաղաքագետ Նարեկ Մինասյանը ֆեյսբուքյան էջում գրում է
 
Մի քանի դիտարկում Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ 
 
• Սա 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո ստեղծված ամենառիսկային իրավիճակն է՝ հաշվի առնելով գործողությունների բնույթը և գործածվող զինատեսակները։
 
• Էսկալացիայի ժամանակը պատահական չէ․ միջազգային օրակարգում Արցախյան թեման մղվել է տասներորդական պլան, Ռուսաստանը խառն է Ուկրաինայում, Արևմուտքը կենտրոնացած է ՌԴ-ին հակազդելու վրա, իսկ ստեղծված խառնաշփոթում Թուրքիայի (որպես պոտենցիալ միջնորդ) և Ադրբեջանի դերակատարումը (որպես էներգակիր արտահանող) միայն աճում է։
 
• Ադրբեջանը փաստացի (հերթական անգամ) բացահայտ գնաց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, մասնավորապես՝ 1-ին կետի խախտման (հղումը՝ https://cutt.ly/FS6KQtQ), ինչն ուղղակի մարտահրավեր է նաև Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելությանը, որի առաջնային խնդիրներից մեկը ստատուս քվոյի պահպանումն է։
 
• Ադրբեջանական կողմի այս սադրանքն ուղղակի հետևանքն է նախորդ նման գործողությունների, այդ թվում՝ Խծաբերդի դեպքերի համարժեք արձագանքի բացակայության։ Իսկ այն, որ Փառուխ գյուղը ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում էր, արձանագրված է նաև մարտի 24-ին ՌԴ ՊՆ հրապարակած քարտեզում (hղումը՝ https://cutt.ly/JS6T3Uu): 
 
• Իրավիճակի վրա ռեալ ազդեցության գործիքակազմ ունեցող ռուս խաղաղապահ զորախմբի գործողությունները մինչ այժմ միայն հարցեր են առաջացնում և կաշկանդվածության տպավորություն են ստեղծում՝ դրանից բխող շահարկումների ռիսկով։ 
 
• Ադրբեջանի մարտավարությունը կարելի է բնորոշել որպես «սողացող օկուպացիա», որը շարունակվելու է, իսկ Փառուխ-Քարագլուխը «մարսելու» դեպքում՝ ավելի լկտի դրսևորումներ է ստանալու։ Նպատակը՝ մեկն է հայաթափել Արցախը, և ստեղծված իրավիճակում տարածաշրջանում հստակ շահեր ունեցող բոլոր ուժերը սեփական արձագանքը մշակելիս պետք է մեկ հարցի պատասխանեն՝ արդյոք իրենց շահերից է բխում Արցախն առանց հայերի։ 
 
• Արևմուտքի արձագանքը, եթե մեղմ արտահայտվենք, հիասթափեցնող է՝ Ուկրաինային ցուցաբերվող համերաշխության ֆոնին։ Մեր դեպքում այդ արձագանք ոչ թե Ադրբեջանի նկատմամբ տարաբնույթ պատժամիջոցներով, արևմտյան ընկերությունների բոյկոտով կամ Ալիևի ու մերձավորների եվրոպական բանկային հաշիվների արգելափակմամբ է դրսևորովում, այլ պարզապես «մտահոգություն» և «խորը մտահոգություն» արտահայտող հայտարարություններով։
 
• Այս զարգացումների ֆոնին առավել տխուր է դիտել հայաստանյան «-մետ» ճամբարների շահարկումներն ու արդարացումները՝ անտեսող գլխավորը՝ Հայաստանի շահը։ Ստեղծված իրավիճակում, որքան էլ անիրատեսական ու պաթոսային է հնչում՝ անհրաժեշտ է միայն կոնսոլիդացիա։
 
 
Նոյյան տապան  -   Մեկնաբանություն