Վիկտոր Կոնոպլյով. Ճանաչե՞լ է արդյոք Ռուսաստանը հայոց ցեղասպանությունը

12-04-2010 18:45:00   | Ռուսաստան  |  Քաղաքական
ՄՈՍԿՎԱ, 12 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ-ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Ռեգնում» լրատվական գործակալությունը հրապարակել է բանաստեղծ, nashasreda.ru, armnn.ru ինտերնետ-նախագծերի հեղինակ Վիկտոր Կոնոպլյովի «Ճանաչե՞լ է արդյոք Ռուսաստանը հայոց ցեղասպանությունը» հոդվածը, որը ներկայացնում ենք առանց կրճատումների: 1995 թվականի ապրիլի 14-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դուման ընդունեց «1915-1922 թթ. հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին» հայտարարություն: Տասնհինգ տարի անց ուզում ենք կրկին անդրադառնալ այդ փաստաթղթին, քանի որ ճիշտ բառերը, որ արձանագրված են նրանում, մնացել են սոսկ բարի հայտարարություն: Հայտարարություն, որովհետեւ անցած տարիների ընթացքում, Ռուսաստանը էական գործնական քայլեր չի արել տվյալ հայտարարության իրականացման ուղղությամբ: «Հիմնվելով անհերքելի պատմական փաստերի վրա, որ վկայում են 1915-1922 թվականներին Արեւմտյան Հայաստանի տարածքում հայերի բնաջնջման մասին», մեր իշխանությունները հնարավորություն չգտան դրանք ներկայացնելու համաշխարհային հանրությանը եւ խթանելու հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, թեեւ հենց «Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական մեծ տերությունները դեռեւս 1915 թվականին Թուրքական կայսրության գործողությունները հայ ժողովրդի նկատմամբ որակեցին իբրեւ «հանցագործություն մարդկության դեմ»: Սակայն, ո'չ կենտրոնական հեռուստաալիքներում (թերեւս ապրիլի երրորդ տասնօրյակին անհարմար ժամանակ), ո'չ ԶԼՄ-ներում, ո'չ պատմության դասագրքերում տվյալ թեման իր զարգացումը չգտավ: Հայտարարելով, որ Պետական դուման «ապրիլի 24-ը դիտարկում է որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր», օրենսդիրներն այդպես էլ այն չընդգրկեցին հիշարժան օրերի ցանկում: Մինչդեռ, որոշ երկրների օրենսդրությամբ պատասխանատվություն է սահմանված ցեղասպանության փաստը ժխտելու համար: Ապրիլի 24-ին որոշ երկրներում անցկացվում են սգո հանրահավաքներ եւ երթեր: ԱՄՆ-ում, Կանադայում, Արգենտինայում, Ֆրանսիայում կառուցված են ցեղասպանության զոհերի հուշարձաններ: Ռուսաստանում նման հուշարձաններ մինչ օրս չկան: Միայն անցած տարի, այն բանից հետո, երբ Ռուսաստանի հայերի միությունը որոշում ընդունեց ֆինանսավորել հուշահամալիրի շինարարությունը, Մոսկվայի քաղաքային դուման համաձայնեց քննության առնել նրա կառուցման նախագիծը: Ավաղ, քաղաքական նպատակահարմարությունը թույլ չի տալիս մեր երկրին հրապարակավ ցուցադրելու զգացմունքների եւ մտադրությունների անկեղծություն հայերի հանդեպ: 1915 թվականին «եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչացումը իր պատմական հայրենիքում իրագործվեց Ռուսաստանը քանդելու համար պայմաններ ստեղծելու նպատակով», եւ դրա համար մենք ըստ ամենայնի օգնում էինք հայերին: Հետագա տարիներին քաղաքական նպատակահարմարությունը` պայքարն ընդդեմ Անտանտի, ինչպես նաեւ Կովկասի խորհրդայնացման գաղափարը հանգեցրին Խորհրդային Ռուսաստանի եւ քեմալական Թուրքիայի դաշինքին: Այդ դաշինքի արդյունքը եղավ Սեւրի խաղաղ պայմանագրի (1920 թ. օգոստոսի 10), Ալեքսանդրապոլի թալանչիական պայմանագրի (1920 թ. դեկտեմբերի 2-3) չճանաչումը եւ Հայաստանի հետագա սրընթաց խորհրդայնացումը: Թեպետեւ Խորհրդային Ռուսաստանի կառավարությունը չճանաչեց Ալեքսանդրապոլի պայմանագիրը, սակայն, Մոսկվայի (1921 թ. մարտի 16), այնուհետեւ Կարսի պայմանագրով (1921 թ. հոկտեմբերի 13) Խորհրդային Ռուսաստանի այն ժամանակվա իշխանությունները եւ նրանց դրածոները Խորհրդային Հայաստանից փաստորեն ավարտեցին Հայաստանի բաժանումը, Թուրքիային նվիրելով ավելի քան 20 հազար քառ. կմ տարածք եւ հայաբնակ Նախիջեւանը հանձնելով Ադրբեջանի իրավասությանը: Դրանից բացի, հենց խորհրդային իշխանությունը սկզբում չմիջամտեց Ռուսաստանի Ելիզավետպոլի նահանգի հայաբնակ տարածքների ինքնակամ միավորմանը նախկինում իր պետականությունը չունեցած Ադրբեջանին, հետո նաեւ հենց այնպես Լեռնային Ղարաբաղը նվիրաբերեց Խորհրդային Ադրբեջանին: Պետական դուման իր հայտարարության մեջ անդրադարձավ միայն հայոց ցեղասպանության մեկ բաղկացուցչի` մարդկանց ոչնչացմանը մեկ պետության կառավարության կողմից: Անուշադրության մատնվեցին Սասունի, Տրապիզոնի, Կոստանդնուպոլսի, Էրզրումի, Կիլիկիայի, Ադանայի, Հալեպի, Թուրքիայի մյուս շրջանների ջարդերի բազմահազար զոհերը 1894-1909 թվականների ժամանակամիջոցում: Մի կողմի վրա մնաց մշակութային ցեղասպանությունը, որ ներառում է հայ ժողովրդի պատմության, կրոնի եւ մշակույթի հուշարձանների նպատակաուղղված ոչնչացումը: Օսմանյան Թուրքիայում իրականացված ցեղասպանությունը դատապարտելիս ուշադրության չառնվեց այն, որ հայերի, իբրեւ ազգի, բնաջնջման էստաֆետը շարունակեց նորաստեղծ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությունը, 1920 թվականի մարտին հակահայկական քաղաքականության զոհասեղանին դնելով Շուշիում ապրող մոտ 10 հազար հայերի: Ցեղասպանությունն իր շարունակությունն ունեցավ ուծացման քաղաքականությամբ: Թուրքիայում, ողջ մնացած հայ երեխաներին տալիս էին մուսուլմանական ընտանիքներին, դրանով իսկ կտրելով նրանց հայրենի արմատներից եւ քրիստոնեական հավատից: Տարբեր գնահատումներով այդպիսի երեխաների թիվը կազմում էր մոտ 300 հազար: Հազարավոր հայեր` լքելով հայրենիքը եւ հաստատվելով օտարության մեջ, ձուլվեցին տեղի բնակչությանը, կորցրին կապը ցեղակիցների հետ, մոռացան լեզուն, մշակույթը, ավանդույթները: Կիսատ-պռատությունը եւ անհետեւողականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին երկար պատմության մեջ կետադրության բոլոր նշանները դնելու հարցում հանգեցրեց նրան, որ արդեն 80-ականների վերջում հայերի դահիճներ Աբդուլ Համիդի եւ երիտթուրքերի հետեւորդների մեջ վերածնվեց հայկական հարցը վերջնականապես լուծելու ցանկություն: Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս գալու մասին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզային խորհրդի որոշումը (1988 թ. փետրվարի 18) առիթ դարձավ հայկական պերմանենտ ջարդերի համար` Սումգայիթ (1988 թ. փետրվարի 26-29), Կիրովաբադ (1988 թ. նոյեմբերի 21-27), Բաքու (1990 թ. հունվարի 13-19): 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը նոր ուժով բորբոքեց հակահայկական տրամադրությունները Ադրբեջանում, որ վերաճեցին ղարաբաղցի հայերի դեմ պատեազմական գործողությունների: Անտարբեր չմնաց եւ Թուրքիան, որ մինչ այդ բավական լավ մաքրել էր քսաներորդ դարասկզբի իրադարձությունների մասին հիշողությունը: Օգտվելով Ադրբեջանի ղարաբաղյան պատերազմից, նա փակեց Հայաստանի հետ սահմանը: Այդ տարիներին շոշափելի էր ռուսական ռազմական եւ տնտեսական օգնությունը Հայաստանին: Սակայն, դարձյալ, քաղաքական նպատակահարմարությունը թույլ չտվեց Ռուսաստանին կանգնեցնել ցեղասպանության ուժ հավաքող թափանիվը: Այսօր մենք տեսնում ենք, թե ինչպես Ադրբեջանում եւ Թուրքիայում ավելի ու ավելի բարձր է հնչում նրանց ձայնը, ովքեր ձգտում են հայկական պետականության լիակատար վերացման: Հայոց լեզվում հիմնարար մի դարձված կա, որ արտահայտում է օգնելու անկեղծ, սիրով ու տխրությամբ լի ցանկություն` «ցավդ տանեմ»: Մի ժամանակ վաղուց այդ արտահայտությունը հայերն ասում էին իրենց բարեկամ ռուս ժողովրդին: Եվ ոչ միայն ասում էին, այլեւ ցույց տալիս կոնկրետ գործերով: Եվ մեր ժողովուրդը արձագանքում էր փոխադարձությամբ: Այսօր մենք կրկին պետք է սատարենք մեր բարեկամներին, օգնենք վերականգնել պատմական արդարությունը: Բայց ոչ խաղաղ-հանդարտ հայտարարություններով, այլ աղմկաձայն գործերով: Չէի կամենա մտածել, որ Ռուսաստանը «ձգտելով վերածնել ռուսական պետության մարդասիրական ավանդույթները», գործնականորեն հայոց ցեղասպանությունը կճանաչի միայն պոստֆակտում կատարվելուց հետո: Որպես կատարված փաստ: Վիկտոր Կոնոպլյով, բանաստեղծ, ինտերնետ-նախագծերի հեղինակ Չակերտված մեջբերումները կատարված են Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի 1995 թվականի ապրիլի 14-ին ընդունած «1915-1920 թթ. հայ ժողովրդի ցեղասպանությունը դատապարտելու մասին» հայտարարությունից:
 

Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 285 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար