Ադրբեջանական զինված ուժերը պետք է լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը. Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյին է ներկայացրել Ադրբեջանի զինված ագրեսիայի մանրամասները


Ադրբեջանական զինված ուժերը պետք է լքեն ՀՀ ինքնիշխան տարածքը. Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյին է ներկայացրել Ադրբեջանի զինված ագրեսիայի մանրամասները

  • 10-10-2022 20:28:52   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը հոկտեմբերի 10-ին հյուրընկալել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Գործընկերները փաստել են, որ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բազմակողմանի կապերն անշեղորեն զարգանում են բարեկամության եւ փոխըմբռնման պատմական ավանդույթների հունով:
 
Զրուցակիցներն արձանագրել են, որ երկկողմ կապերի շարունակական զարգացման երաշխիքն ակտիվ երկխոսությունն է, որի շրջանակում առանձնացվել է խորհրդարանական փոխգործակցության նշանակալի դերակատարումը: Հատուկ ընդգծվել է մեր խորհրդարանների պրոֆիլային հանձնաժողովների համատեղ գործունեությունը, որտեղ ձեւավորվել է համատեղ նիստերի պրակտիկան: Հաջորդ ամիս Երեւանում նախատեսվում է Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի եւ Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստը:
 
ՀՀ ԱԺ նախագահը Վալենտինա Մատվիենկոյին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված ագրեսիայի մանրամասները՝ նշելով, որ մեր դիրքորոշումը միանշանակ է. ադրբեջանական զինված ուժերը պետք է լքեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը: Ծավալուն անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման անհրաժեշտությանը, որի ժամանակ հաշվի կառնվեն եւ կերաշխավորվեն Լեռնային Ղարաբաղում բնակվող հայերի իրավունքներն ու անվտանգությունը:
 
«Հայաստանի Հանրապետությունը գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի մեր տարածաշրջանում հաստատվի ամուր խաղաղություն: Վստահ եմ, որ դա նաեւ լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության ռազմավարական շահերին»,- շեշտել է ՀՀ ԱԺ նախագահը: Հանդիպման ավարտին Ալեն Սիմոնյանը Վալենտինա Մատվիենկոյին հրավիրել է Երեւան: «Հայաստանը մեզ համար ոչ միայն դաշնակից է, այլ  նաեւ եղբայրական ջերմ հարաբերություններով ենք կապված»,- նշել է Վալենտինա Մատվիենկոն՝ սիրով ընդունելով հրավերը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play