Արդեն 48 ժամից ավելի է ադրբեջանցիները փակ են պահում Լաչինի միջանցքը․ Ռուբեն Վարդանյան


Արդեն 48 ժամից ավելի է ադրբեջանցիները փակ են պահում Լաչինի միջանցքը․ Ռուբեն Վարդանյան

  • 14-12-2022 11:27:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Արդեն 48 ժամից ավելի է ադրբեջանցիները փակ են պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ֆեյսբուքյան տեսաուղերձի միջոցով այսօր հայտարարեց Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը՝ շեշտելով Արցախում խուճապ չկա։
 
«48 ժամից ավելի է մեզ մոտ շարունակվում է այս իրավիճակը։ Ես տեսնում եմ իսկապես համախոհություն, ոչ մի խուճապ չկա, մարդիկ իսկապես պատրաստ են պայքարելու», - ասաց Վարդանյանը՝ կոչ անելով չտրվել ադրբեջանական սադրանքներին։
 
«Թշնամին տարբեր մեթոդներ է օգտագործում, այդ թվում՝ ֆեյք ինֆորմացիա դաշտ գցելով մեզ մոտ խուճապ ստեղծելու համար։ Այդ կողմից կարևոր է մեր՝ ձեզ հետ կապը», - ասաց Վարդանյանը՝ շարունակելով՝ չգիտեն, թե որքան կտևի այս շրջափակումը, որքան կպահանջվի գազի առաքման համար, հետևաբար անցնում են խնայողական ռեժիմի։
 
«Մենք հատուկ ռեժիմ ենք սահմանել միայն հատուկ ծառայությունների, շտապօգնության, հասարակական տրանսպորտի համար, ում համար դա անհրաժեշտություն է։ Իսկ խնայողության ռեժիմը տարածվում է մնացած բոլորի վրա», - նշեց Վարդանյանը։
 
Արցախի պետնախարարն ասաց, որ պատրաստ են նորմալ բանակցությունների, հասկանում են նաև խաղաղապահների առջև ծառացած խնդիրները, բայց միևնույն ժամանակ պնդում են՝ ճանապարհը պետք է բացվի և ապահովվի մարդկանց անվտանգ տեղաշարժը Հայաստան և հակառակ ուղղությամբ։
 
«Մենք ապրում ու աշխատում ենք նորմալ ռեժիմով։ Ամեն ինչ անում ենք, որ խնդիրը լուծվի ի օգուտ մեզ», - եզրափակեց Արցախի պետնախարարը։
 
Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակ է դեկտեմբերի 12-ի առավոտից։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել, խարույկ վառել, ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։ Երեկ երեկոյան էլ Ադրբեջանը խափանել է նաև Արցախի գազամատակարարումը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play