Հստակեցվել է ակադեմիական քաղաքի դիրքերը՝ երեք կլաստերներում. ԿԳՄՍ նախարար


Հստակեցվել է ակադեմիական քաղաքի դիրքերը՝ երեք կլաստերներում. ԿԳՄՍ նախարար

  • 24-03-2023 14:19:22   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հստակեցվել է ակադեմիական քաղաքի դիրքերը՝ երեք կլաստերներում: ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում ակադեմիական քաղաք ծրագրի աշխատանքներին, որը կառավարության ամենամեծածավալ ծրագրերից մեկն է:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 24-ին, իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
 
«Այստեղ մենք ճշգրտել ենք մեր ճանապարհային քարտեզը, թե ինչպես  պետք է շարժվենք: Եկող շաբաթ կկարողանանք շրջանառել ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման կառույցի ստեղծման նախագիծը»,-ասաց նա:
 
Նախարարը նշեց, որ հաստակեցվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքը՝ երեք կլաստերներում։
 
«Կոնկրետ կլաստերներում պլանավորված են արդեն աշխատանքները, օրինակ արվեստի կլաստերում, որը ինչպես գիտեք՝ պլանավորում ենք «Հայֆիլմի» տարածքում: Երկրորդը՝ ֆիզիկայի ինստիտուտի տարածքն է, որտեղ մենք պատկերացնում ենք, որ պետք է լինի տեխնոլոգիական ուղղվածության բուհը և գիտահետազոտական գործունեությունը: Եվ երրորդ կլաստերը, որը բավական մեծ է և այստեղ կարող է տեղակայվել կրթական, սպայական ինչպես նաև մենք պլանավորում ենք, որ այստեղ կցանկանան տեղափոխվել մեր երկրում գործունեություն ծավալող միջազգային կամ միջպետական բուհերը: Այս բոլոր հարցերն այժմ քննարկվում են»,- ասաց նա։
 
Անդրեասյանն ընդգծեց, որ քննարկումների ընթացքում ոչ միայն խոսվում  է բուհական ստանդարտ ենթակառուցվածքի ստեղծման՝ օրինակ լսարանների, մարզադահլիճների  մասին, այլ օրինակ արվեստի ոլորտի բուհերի համար ժամանակակից համերգասրահ ունենալու մասին, կինոթատրոնի կինոարտադրության ամբողջ շղթան ունենալու հնարավորության ու ենթակառուցվածքների մասին:
 
«Այսինքն, սա մի ամբողջական համալիր մոտեցում է,  որը պետք է նախագծվի և մենք այստեղ նույնպես շատ ուշադիր կլինենք, որպեսզի ճարտարապետական մոտեցումներն ու լուծումները նույնպես բավարարեն պահանջներին»,- ասաց նախարարը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը