Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը. ՀՀ ԱԳՆ


Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը. ՀՀ ԱԳՆ

  • 11-05-2023 10:47:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիսի 11-ի վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ դիմելով սադրիչ և ագրեսիվ գործողությունների, ականանետների և հրետանային միջոցների կիրառմամբ կրակ են բացել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայկական կողմն ունի վիրավորներ:
 
Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման այս հերթական խախտումներն ի ցույց են դնում ձեռքբերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 2022թ. հոկտեմբերի 31-ին Սոչիի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների նկատմամբ ադրբեջանական կողմի արհամարհանքը:
 
Իրավիճակի ապակայունացմանը միտված Ադրբեջանի այս գործողությունները բացահայտ արհամարհանք են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ տեղի ունեցած Վաշինգտոնի հանդիպմանը, Բրյուսելում և Մոսկվայում նախատեսված հանդիպումներին, Հարավային Կովկասում կայունությամբ և խաղաղությամբ հետաքրքրված միջազգային գործընկերների կողմից գործադրվող ջանքերին:
 
Կոչ ենք անում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դադարեցնել բանակցային գործընթացն ուժի կիրառմամբ խաթարելու և դրանով Հայաստանի վրա ճնշում գործադրելու անհիմն, չարդարացված և ամոթալի փորձերը:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play