Հայաստանում ԵՄ առաքելությունը շեշտում է՝ իր ծրագիրն ի սկզբանե ամբողջովին թափանցիկ է


Հայաստանում ԵՄ առաքելությունը շեշտում է՝ իր ծրագիրն ի սկզբանե ամբողջովին թափանցիկ է

  • 15-06-2023 13:35:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն․ «Հենց ամենասկզբից Հայաստանում Եվրամիության առաքելությունը ամբողջովին թափանցիկ է 6 կետերից առավելագույնը 103-հոգանոց միջազգային անձնակազմով աշխատելու իր ծրագրում: Մենք նպատակ ունենք հասնել այս լիարժեք գործունակությանը շուտով», - նշված է առաքելության թվիթերյան էջում արված գրառման մեջ:
 
«Հայաստանում ԵՄ առաքելությունը լիովին անզեն քաղաքացիական առաքելություն է, որը գործարկվել է ի պատասխան Հայաստանի կառավարության խնդրանքի», - ընդգծում է ԵՄ առաքելությունը:
 
Հունվարի վերջին Եվրամիությունը հավանություն է տվել Հայաստանում քաղաքացիական առաքելության ստեղծմանը, որը, պաշտոնական Բրյուսելի համոզմամբ, «կնպաստի սահմանային գոտիներում կայունացմանը, վստահության ամրապնդմանը և Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»: Առաքելության մանդատը երկու տարի է, օպերատիվ շտաբը Հայաստանում է։ Չնայած թե՛ Եվրամիությունը, թե՛ Հայաստանը շեշտում են, որ առաքելությունը քաղաքացիական է, անզեն և տեղակայված է բացառապես ՀՀ տարածքում, Ռուսաստանը և Ադրբեջանը բազմիցս քննադատել են այն:
 
Երեկ ևս Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը հերթական անգամ դատապարտել է առաքելությունը՝ մասնավորապես պնդելով, թե Եվրամիության քաղաքականության «իրական հիմքում Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է՝ Հարավային Կովկասը վերածելով աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի»։
 
«Մենք տեղյակ ենք Հայաստանում իր ներկայությունն ուժեղացնելու Եվրամիության հայտարարած ծրագրերին, որոնց համար առաջիկայում կբացվեն Հայաստանում ԵՄ «դիտորդական» առաքելության երեք նոր հենակետերը Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում: ԵՄ անդամներն ի սկզբանե գործել են ծայրահեղ ոչ-թափանցիկ։ ԵՄ ներկայության տեղակայումը Հայաստանի տարածքում հարկադրված էր՝ Բրյուսելի լուրջ ճնշման ներքո։ ԵՄ-ականները գործնականում պարտադրեցին իրենց ներկայությունը», - նաև ասել է Մարիա Զախարովան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play