Բոլոր պապաներն էլ էրեխեքին տենց են անում. մանրամասներ բռնության ենթարկված աղջկա ընտանիքից


Բոլոր պապաներն էլ էրեխեքին տենց են անում. մանրամասներ բռնության ենթարկված աղջկա ընտանիքից

  • 18-08-2023 13:53:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայրը մոտ տարի ու կես առաջ դատապարտվել է երկու դուստրերին սեռական բռնության ենթարկելու համար։
Այսօր վաղ առավոտից համացանցում տարածված ահասարսուռ տեսանյութում երևացող ընտանիքում 5 երեխա է ապրում` 4 աղջիկ և 1 տղա։ Այն աղջիկը, ում ծեծում և նվաստացնում են, ընտանիքի ավագ դուստրն է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց միջնեկ աղջիկներից մեկի ուսուցչուհին։
 
Պարզվում է` ընտանիքը կարճ ժամանակ է ապրել Գավառում, այս տարվա հունիսին տեղափոխվել են Երևան։ Հայտնի է դստերը հոգեկան և ֆիզիկական տառապանքներ պատճառող կնոջ ինքնությունը` նա 34-ամյա Աննա Արևշատյանն է։ Մեզ հետ զրույցում ուսուցչուհին սարսափելի մանրամասներ պատմեց ընտանիքի մասին։ Պարզվում է` ընտանիքի հայրը` Թաթուլ Մադաթյանը, մոտ 1 տարի առաջ դատապարտվել է` աղջիկներից երկուսի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար։
 
«Աղջիկներից մեկն այն ժամանակ դեռ երրորդ դասարանում էր սովորում, վատ է զգացել երեխան, ուժեղ ցավեր է ունեցել, բժշկի են տարել, պարզվել է` երեխան սեռական բռնության է ենթարկվել»,– պատմում է ուսուցչուհին։
 
Նրա խոսքով` երբ այդ մասին հայտնի դարձավ, մայրը պնդում էր, թե բռնություն չի եղել, երեխան քարի վրա է ընկել։
 
Հետաքննություն է սկսվել, պարզվել է, որ դստերը սեռական բռնության է ենթարկել սեփական հայրը։ Դրանից հետո առավել սարսափելի մանրամասներ են հայտնի դարձել, որ սեռական բռնության է ենթարկվել նաև ավագ դուստրը, որը 6-րդ դասարանում էր սովորում։ Խոսքը հենց այն աղջկա մասին է, որին նաև աղմկահարույց տեսանյութում են բռնության ենթարկում։
 
«Երբ երեխայի բռնաբարության մասին հայտնի դարձավ, դրանից հետո ուսուցիչները սկսեցին քննարկել, իրենք իրենց մեջ վերլուծել, թե ինչու էր աղջիկը կտրուկ փոխվել, սկզբում ինքը բավականին լավ էր սովորում, հետո միանգամից պարփակվել է ինքն իր մեջ, դադարել շփվել և այլն»,– պատմում է ուսուցչուհին։
 
Շեշտում է` այդ պահի դրությամբ իր դասարանում սովորող աղջիկը սեռական բռնության ենթարկված չի եղել։ Բայց ստեղծված իրավիճակը նաև նրա վրա է ազդել։
 
«Ինքն էլ հանգիստ երեխա էր, աշխատում էր ոչ ոքի հետ չշփվել, դասամիջոցներին միշտ հեռախոսը ձեռքին էր, իր դասերն էլ որ վերջանում էին, սպասում էր 3-րդ դասարանցի քրոջը, որ միասին տուն գնային»,– ասում է ուսուցչուհին։ Ի դեպ, նրա խոսքով, սարսափելի տեսանյութում մոր հետ միասին ավագ քրոջը տանջող աղջիկը հենց նա է։
 
Երեխաների հետ սկսել են հոգեբանները աշխատել, սոցիալական աշխատողները նաև դպրոց էին հաճախ գնում, դասապատրասմանը նաև օգնում։
 
Ուսուցչուհու խոսքով` երեխաների համար բավականին ծանր հոգեբանական վիճակ էր ստեղծված, բոլորին հայտնի էր այն, ինչ կատարվել է ընտանիքում։ Ցավով է նշում, որ աղջիկների հետ դասընկերները չէին շփվում։
 
Մայրն ամբողջ ընթացքում դպրոց գրեթե չի եկել, ծնողական ժողովների չի մասնակցել, երեխաներով չի հետաքրքրվել։
 
«Մի անգամ էքսկուրսիա էինք գնացել, ծնողները խոսում էին, որ ինքը լրիվ ամուսնուն է պաշտպանում, ասել է, թե բոլոր պապաներն էլ իրենց երեխաների հետ տենց են անում»,–ներկայացնում է ուսուցչուհին։
 
Մի օր էլ Աննա Արևշատյանը զանգահարել ու ասել է` երեխաների գործերը պատրաստեք, իրենց Երևան եմ տանում։ Դա հունիսին էր, դրանից հետո մինչև այսօր առավոտյան ընտանիքի մասին ոչինչ չէին լսել։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play