Ի՞նչ արժեք կամ իմաստ ուներ ՄԱԿ ԱԽ–ի նիստը Լաչինի միջանցքի թեմայով. Ավետ Ադոնցի պատասխանը


Ի՞նչ արժեք կամ իմաստ ուներ ՄԱԿ ԱԽ–ի նիստը Լաչինի միջանցքի թեմայով. Ավետ Ադոնցի պատասխանը

  • 25-08-2023 11:06:53   | Հայաստան  |  Իրավունք

 
Sputnik. ՀՀ նախկին փոխարտգործնախարարը կարծում է, որ խնդիրն արդեն մեր մեջ է։
 
ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նիստը Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված իրավիճակի քննարկումից բացի ոչ մի արդյունք չունեցավ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԳ նախկին փոխնախարար Ավետ Ադոնցը։
 
Հայաստանը օգոստոսի 11-ին դիմել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ խնդրելով Լեռնային Ղարաբաղի լիակատար շրջափակման հետևանքով հումանիտար իրավիճակի վատթարացման առնչությամբ արտահերթ նիստ գումարել։ ՄԱԿ ԱԽ նիստը կայացել է օգոստոսի 16-ին։
 
Այդ օրը, սակայն, որևէ փաստաթղթով չարձանագրվեցին նիստին ելույթ ունեցող երկրների դիրքորոշումները։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն այս մասով հայտնել էր, որ ընթացակարգային առումով ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստի ձևաչափը քննարկումն է, այն չի ենթադրում ուղղակիորեն փաստաթղթի (բանաձևի կամ հայտարարության) ընդունում։
 
Նա նշեց` իր համար կանխատեսելի էր, որ երկրների ներկայացուցիչների ելույթներն, այսպես ասած, հավասարակշռված են լինելու` կլինեն և՛ դեմ կարծիքներ, և՛ կողմ։ Ադոնցի համար անսպասելի է եղել Բրազիլիայի ներկայացուցչի պրոադրբեջանական ելույթը, որը, ըստ նրա, ընդհանրապես չէր արտահայտում հայ–բրազիլական հարաբերությունների որակն ու մակարդակը։ Նաև զարմացել է Մալթայի պրոհայկական ելույթից։
 
«Մի քանի ժամվա ընթացքում այս շատ կարևորը հարցը` աղետը, որ տեղի է ունենում Արցախում և Արցախի շուրջ` տարածաշրջանում, միջազգային հանրությունը` ի դեմս ՄԱԿ–ի ԱԽ–ի, ուշադրության կենտրոնում պահեց` առանց որևէ հետևանքի»,– ամփոփելով եղածը` նշեց Ադոնցը։
 
Ըստ նրա` արդյունք կարող էր լինել ՄԱԿ–ի ԱԽ–ի կողմից բանաձևի ընդունումը, որը կատարման համար պարտադիր բնույթ չի կրում, բայց ինչ–որ մի գործիք է ճնշում գործադրելու համար։ Չեղան նաև պարտադիր և ճնշող մեխանիզմներ, օրինակ` պատժամիջոցներ չսահմանվեցին։
 
Դիվանագետի համար դժվար է մատնանշել արժեքը կամ իմաստը ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնելու այս կարևոր հարցի շուրջ` առանց որևէ բանաձևի ընդունման։
 
Անդրադառնալով տեղեկատվական արտահոսքին, թե ԱՄՆ–ն հորդորում է ՄԱԿ–ի ԱԽ մշտական մյուս 4 անդամներին որևէ բանաձև չնախաձեռնել, Ադոնցը նշեց` բանն այն է, որ Արցախի վերաբերյալ պաշտոնական Երևանի դիրքորոշումն է փոխվել։
 
«Այն օրվանից սկսած, որ ՀՀ իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին իրենց պատրաստակամությունը`Արցախը ճանաչելու Ադրբեջանի կազմում կամ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իրավիճակը կտրականապես փոխվեց։
 
Փոխվեց թե՛ միջազգային առումով, թե՛ տեղական հարթության մեջ։ Դրան անմիջապես հաջորդեց Արցախի մեկուսացումը` բլոկադան` ասելով, որ Արցախի և Հայաստանի սահմանն այլևս հայ–ադրբեջանական սահման է, և Աղդամը բաց է, խնդիր չկա»,– ասաց նա։
 
Ադոնցի խոսքով` փոխվեցին նաև նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի էությունն ու փիլիսոփայությունը, ինչպես նաև միջազգային ասպարեզում եղած ընկալումները։ Ըստ նրա` եթե Հայաստանը պատրաստ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ԱՄՆ–ի կամ մեկ ուրիշ երկրի համար մի գլխացավանք պակասում է։
 
ՀՀ նախկին փոխարտգործնախարարը կարծում է, որ խնդիրն արդեն մեր մեջ է, թե որքանով մենք այդ հարցի հետ կապված մեր անհամաձայնությունը կարող ենք տեղ հասցնել։
 
Ինչ վերաբերում է հարցին` Ադրբեջանի առաջարկած Աղդամով ճանապարհը կբացվի, թե ոչ, Ադոնցի կարծիքով` կանխատեսումներ անելն անշնորհակալ գործ է, բայց և վերջին շրջանում նկատում է` Ստեփանակերտում այս հարցը քննարկման առարկա է դարձել։
 
Կարծում է, որ հենց այս հարցի շուրջ են Ստեփանակերտում վերջին շրջանում ինչ–ինչ անհամաձայնություններ առաջացել։
 
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
 
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play