Ցածր գին՝ չի նշանակում անորակ աշխատանք. համայնքը մտադիր է գնման ոլորտում խստացնել պահանջները


Ցածր գին՝ չի նշանակում անորակ աշխատանք. համայնքը մտադիր է գնման ոլորտում խստացնել պահանջները

  • 22-01-2024 14:19:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
2023թ. Երևանի բյուջեի կատարողականը կազմել է շուրջ 90%: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով գրանցած ցուցանիշներին ու կարևորելով կյանքի կոչվող ծրագրերի նկատելի աճը, քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ զուգահեռաբար պետք է խստացվեն պահանջները կատարված աշխատանքների որակի նկատմամբ: 
 
«Մեր նպատակը, ծրագրերի կատարողականներն ապահովելուն զուգահեռ, որակյալ աշխատանքն է: Քաղաքի մշակույթին ծանոթ մարդիկ ու նախագծողներ պետք է աշխատեն: Գնման ոլորտում պետք է մեր պահանջները խստացնենք՝ աշխատանքների, ծառայությունների և ապրանքների որակի հետ կապված:  Ցածր գին՝ չի նշանակում անորակ աշխատանք. կան ոլորտներ, այդ թվում մանկապարտեզներում երեխաների սննդի մատակարարումը, որտեղ մեր պահանջները պետք է խստացվեն: Կան ոլորտներ էլ, որտեղ պետք է դաշտը մրցակցային դարձնենք՝ կարևորելով որակն ու շատ չսահմանափակելով»,- ընդգծել է քաղաքապետը: 
 
Մայրաքաղաքի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման ծրագրով արդեն իսկ էներգախնայող լեդ լուսատուներով է լուսավորվում նաև  Նալբանդյան փողոցը: Երևանյան 28 փողոցների ծրագրով էլ վերգետնյա մալուխներն անցկացվում են ստորգետնյա կապուղիներով. ընդհանուր առմամբ կփորվի շուրջ 80 կմ խրամուղի: Գործընթացը շուտով կմեկնարկի Վարդանանց և Խորենացի փողոցներում: 
 
2024թ. ընթացքում Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ միջազգային, քաղաքային ու երիտասարդական բազմաթիվ միջոցառումներ տեղի կունենան: Համայնքը կարևորել է նաև սահմանափակ կարողություններ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին, կլինեն նաև տարբեր նախաձեռնություններ տարեցների ու երևանի փոքրիկ բնակիչների համար: 
 
Համայնքը դիտարկում է «Շտապբուժօգնություն» ընկերության առկա 43 շարժակազմին նորերն ավելացնելու հնարավորությունը. նախատեսվում է առաջիկայում ծառայություն մատուցել նաև մոպեդներով: Որակյալ սպասարկում ապահովելու գործում քաղաքապետ Ավինյանը կարևորել է 1-03 հեռախոսահամարին մուտքային զանգերին պարտադիր արձագանքումը: 
 
«Ծառայության որակը էականորեն պետք է բարելավվի, անպատասխան զանգ չպետք է մնա: Մենք պետք է ապահովենք 100% պատասխան քաղաքացիների զանգերին»,- շեշտել է Տիգրան Ավինյանը: 
 
Անցած շաբաթվա ընթացքում Երևանում ապամոնտաժվել է ինքնակամ տեղադրված 167 արտաքին գովազդ: 
 
 
Երևանի քաղաքապետարան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play