AMCA-ն հյուրընկալել է ԵԽ երևանյան գրասենյակի պատվիրակությանը՝ Մաքսիմ Լոնգանգեի գլխավորությամբ


AMCA-ն հյուրընկալել է ԵԽ երևանյան գրասենյակի պատվիրակությանը՝ Մաքսիմ Լոնգանգեի գլխավորությամբ

  • 26-01-2024 15:42:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) հունվարի 26-ին հյուրընկալել էր Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի պատվիրակությանը՝ գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեին, ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին, Ծրագրի ազգային համակարգող Թամարա Բարբակաձեին, Ծրագրի ավագ ղեկավար Նատալյա Ադամյանին։ 
 
AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանի ուղեկցությամբ ԵԽ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները շրջայց են կատարել, ծանոթացել Կենտրոնի կառուցվածքին, ընթացիկ աշխատանքներին, տեխնիկական հագեցվածությանը։ Տաթևիկ Մատինյանը ներկայացրել է Կենտրոնի մատուցած ծառայությունները, արբիտրաժի և հաշտարարության մասին հանրության իրազեկմանն ուղղված աշխատանքները, ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը։
 
Կողմերը նաև քննարկել են հնարավոր համագործակցության հեռանկարներն ու ուղիները, որոնք կնպաստեն Հայաստանում վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացմանը.
 
Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մաքսիմ Լոնգանգեն ողջունեց նորաբաց կենտրոնի ստեղծումը՝ կարևորելով այս նախաձեռնությունը և հաջողություն մաղթելով կենտրոնին ստանձնած առաքելությանը հասնելու գործում։
 
ԵԽ իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանն անդրադարձավ ԵԽ կողմից՝ Հայաստանում արբիտրաժի և հաշտարարության ինստիտուտների զարգացմանն ուղղված վերջին տարիների ընթացքում ցուցաբերած աջակցությանը, այդ թվում՝ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության չափանիշներին համապատասխան օրենսդրության կատարելագործմանն ուղղված փորձագիտական աջակցության տրամադրմանը, և հետագա հնարավոր համագործակցությանը։
 
AMCA-ի տնօրեն Տաթևիկ Մատինյանը նշել է. «Ուրախ եմ այսօր հյուրընկալելու ԵԽ-ի մեր գործընկերներին Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնում։ Երկուստեք շատ կարևոր հանդիպում է, քանի որ մենք ԵԽ-ի հետ փոխհամագործակցությամբ իրականացրինք բավական հաջողված դասընթաց հաշտարարների համար և ես վստահ եմ, որ շարունակական արդյունավետ համագործակցությունը կբերի էլ ավելի օգտավետ ծրագրերի իրագործմանը»։ 
 
***
 
Արբիտրաժի և հաշտարարության հայաստանյան կենտրոնը (AMCA) ստեղծվել է 2023 թվականի մայիսին։ Կենտրոնի ստեղծման որոշումը ստորագրվել է կենտրոնի  հիմնադիրների՝ «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայ իրավաբանական միության կողմից։ AMCA-ի արբիտրաժային կանոնների հիմքում ընկած են Միջազգային առևտրային պալատի (ICC) արբիտրաժային կանոնները։ 
 
AMCA-ի նպատակն է զարգացնել վեճերի այլընտրանքային լուծման մշակույթը Հայաստանում, ապահովել առավել բարենպաստ ներդրումային միջավայր, բարձրացնել Հայաստանի՝ որպես վեճերի լուծման հարթակի համբավը, ինչպես նաև նպաստել դատական համակարգի ծանրաբեռնվածության նվազեցմանը։ AMCA-ն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝ արբիտրաժ, հաշտարարություն, խորհրդատվություն, դասընթացներ և վերապատրաստումներ։ AMCA-ն իր պրոֆեսիոնալ, գիտակ, ոլորտային մասնագիտացած տեղի և միջազգային արբիտրների ու հաշտարարների շնորհիվ իրականացնում է արագ, արդար ու պրոֆեսիոնալ գործունեություն։ 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play