Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին


Սահմանը կանցնի իմ տան միջով, զինվորների ներկայության դեպքում ինչպե՞ս ենք ապրելու էդ տանը. վարչապետը պատասխանել է բնակչին

  • 19-03-2024 11:04:00   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Այսօր բազմաթիվ հարցեր կան որոնց պատասխանը չեմ տա, ոչ թե նրա համար, որ դրանք չեմ պատկերացնում, այլ որովհետև այդ հարցերի պատասխանը պայմանավորվածություններով պետք է ձևակերպվի և միայն մեզնից չէ կախված»։
 
Այս մասին երեկ՝ մարտի 18-ին, Տավուշի մարզի Կիրանց համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
 
«Մենք կարող ենք գնալ լուծումների՝ առնվազն վստահության որոշակի մակարդակ ունենալով, որ անվտանգությունն ապահովելու ենք։ Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով։ Սահմանը մի երևույթ է, որն իրավական պարիսպ է կառուցում։
 
Սահմանագծման ամենակարևոր արդյունքը կարող է լինել այն, որ զորքերը դիրքերը թողնեն ու նրանց փոխարեն գան սահմանապահները, քանի որ այնտեղ, որտեղ կանգնած են սահմանապահները, իրար վրա կրակելն ընդունված չէ։ Կրակում են, ոորովհետև վեճ է լինում, եթե վեճ չկա, կրակելու իմաստ էլ չկա։ Եթե մենք սահմանը գծենք, ֆիքսենք և ապահովենք, որ գյուղերի բնակիչների միջև բախումներ տեղի չունենան, դրա առիթները բացառենք, կրակելը դառնում է անիմաստ, եթե երկիրը երկրին պատերազմ չի հայտարարում», - նշել է վարչապետը։
 
Նա հավելել է, որ սահման ունենալու դեպքում երկիրն ունենալու է իրավական պարիսպ և արդեն երկրի որոշելու հարցն է լինում՝ ցանկանու՞մ է ունենալ նաև ֆիզիկական պարիսպ, թե՝ ոչ։
 
Բնակիչներից մեկը հարց ուղղեց՝ նշելով, որ դեռ վերջերս «Google»-ի քարտեզներով նայել ու տեսել են, որ սահմանն անցնում է իր տան միջով, իսկ հիմա այն ընդամենը մի քանի մետր տեղափոխվել է, սակայն զինվորների ներկայության դեպքում իրենք ինչպես են ապրելու այդ տանը:
 
Ի պատասխան՝ Փաշինյանը նշեց, որ իրենք պետք է գան ու տան այդ հարցի պատասխանը։
 
«Մենք հիմա առաջիկա աշխատանքների ու բանակցությունների ընթացքում պետք է սեղանին դնենք նաև Ձեր հարցը, այսենք՝ այս մարդն իր տանը ո՞նց է ապրելու, ի՞նչ երաշխիքներ ենք մենք տալիս։ Ու դա արդեն այն հարցը պետք է լինի, որին ոչ միայն ՀՀ կառավարությունը պետք է պատասխանի, այլ նաև Արդբեջանը։ Ես հիմա եկել եմ ոչ թե Ձեր հարցին պատասխանելու, այլ Ձեր հարցը վերցնելու, ինձ հետ տանելու և այդ սահմանագծման աշխատանքի օրակարգի սեղանին դնելու»,- հավելեց նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play