Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան


Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

  • 28-03-2024 14:29:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Հայաստանն իսկապես լուրջ ճամփաբաժնի վրա է, և մենք պիտի կարողանանք մեր հանրությանը ներկայացնել այդ ճամփաբաժնի ճիշտ ուղղությամբ շարժվելու անհրաժեշտությունը»:
 
Այս մասին ՀՀ եվրաինտեգրամանն ուղղված համաժողովի ժամանակ ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
 
«Կարո՞ղ ենք մնալ նույն տեղում, նույն դիրքում, համոզված եմ, որ՝ ոչ, որովհետև մինչև 2020 թվականը մտածում էինք՝ քանի որ ունենք Լեռնային Ղարաբաղի հարց, ՀՀ ինքնիշխանության հարց, պիտի մնանք ռուսական ուղեծրում և դրանով պաշտպանենք մեր ինքնիշխանությունը, ոչինչ, որ տնտեսության առումով հետամնաց կլինենք, ոչինչ, որ որոշակի խնդիրներ կլինեն մարդու իրավունքների և այլնի առումով, ոչինչ, որ խնդիրներ կունենանք ՄԱԿ-ում և Արևմուտքում, բայց գոնե ԼՂ առումով մեր խնդիրները կլուծենք: 2020-ից հետո պարզ դարձավ, որ մեր մոտեցումները և ՌԴ մոտեցումները տվյալ խնդրի առումով բացարձակ տարբեր են և չունեն իրար հետ զուգահեռվելու որևէ հնարավորություն:
 
Այսօր մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժնի առաջ՝ մենք ունենք բանակը վերափոխելու խնդիր, լուրջ սպառազինություն գնելու խնդիր, տնտեսությունը ոտքի հանելու խնդիր, ունենք նաև հանրային կյանքում քաղաքացու, մարդու իրավունքների պաշտպանության խնդիր, և այս բոլոր խնդիրները հնարավոր է լուծել միմիայն Արևմուտքում, ՌԴ-ն չի կարող և չի էլ ուզում այդ խնդիրները մեզ հետ լուծել»,- ասաց Սարգսյանը:
 
Վերջինս նաև նկատեց՝ տարածաշրջանում Վրաստանը կողմնորոշվել է՝ ԱՄՆ-ի հետ է, Ադրբեջանը կողմնորոշվել է՝ Շուշիի պայմանագրով Թուրքիայի հետ է, նաև իր շահերը համընկնում են ՌԴ-ի հետ և այդ ուղղությամբ էլ գործունեություն է ծավալում, տարածաշրջանում մնացել ենք մենք, որ պիտի կողմնորոշվենք. «Եթե մենք մնում ենք ՌԴ-ի հետ, մնում ենք Ադրբեջան-Թուրքիա-ՌԴ եռանկյունում, որտեղ խնդիրները լուծվելու են մեր հաշվին, հետևաբար, մենք այլընտրանք չունենք, այլ տարբերակ ուղղակի գոյություն չունի»:
 
Արամ Սարգսյանը տեղեկացրեց, որ շաբաթներ առաջ «Հայաստանի եվրոպական կուսակցությունը», «Հանուն հանրապետության» և «Հանրապետություն» կուսակցությունները միասնական փաստաթուղթ են ստորագրել՝ ուղղված նրան, որ համախմբվում են երկիրը դեպի ԵՄ անդամության հայտ ներկայացնելու ուղղությամբ տանելու շուրջ և կարծում են, որ անվտանգային խնդիրները 1 աստիճան հնարավոր է բարձրացնել այդ ճանապարհով գնալու դեպքում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play