Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին


Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին

  • 02-05-2024 14:29:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ազգային ժողովի ընդիդմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պատրաստվում են դիմել միջազգային կառույցների ու դեսպանատներին՝ հանդիպելու համար։
 
Այսօր Ազգային ժողովում, լրագրողների հետ ճեպազրույցում, հայտարարեցին «Հայաստան» խմբակցութան պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
 
«Մեր երկու խմբակցությունների անունից հրավիրում ենք այն բոլոր երկրների դեսպաններին, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք որ Հայաստանի Հանրապետությունում իրականացնում են, այսպես կոչված, բարեփոխումների ֆինանսավորում՝ ծրագրեր են հաստատել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության և իրավական պետության ուղղությամբ, հրավիրելու ենք փակ հանդիպման, որպեսզի նաև անկաշկանդ զրույց լինի, և ուզում ենք նաև իրենցից շատ հստակ ստանալ հարցի պատասխան՝ արդյոք իրենց կողմից ֆինանսավորվող բարեփոխումների այս ծրագրի վերջնարդյունքը ոստիկանապետության հաստատումն է իր բոլոր դրսևորումներով՝ քաղբանտարկյալներից սկսված, ավարտված պարզ քաղաքացիներին ուղղակի բռնության ենթարկելու գործիքակազմ լիարժեք գործադրելով», - հայտարարեց Մինասյանը։
 
Այսօր Ազգային ժողովի ամբիոնից ընդդիմադիրները քննադատում էին իշխանություններին Կիրանցում ուժի կիրառման համար, իշխանականները հակադարձում՝ «ուժ չի կիրառվել»։
 
Ոստիկանությունն այսօր վաղ առավոտից փակել է Իջևանից Կիրանց տանող ճանապարհը՝ արգելելով նաև լրագրողների մուտքը գյուղ: Բնակիչներն ահազանգեցին՝ ոստիկանները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել գիշերը հերթապահություն իրականացնող տղամարդկանց։ Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ «Ազատության»-ը փոխանցեց, որ առավոտյան ժամը 6-ին կարմիր բերետավորները մտել են Կիրանց գյուղ և մարդկանց ծեծելով, բիրտ ուժ կիրառելով տարել են Իջևանի բաժանմունք։
 
Ավելի ուշ Ներքին գործերի նախարարությունը պարզաբանեց՝ բերման է ենթարկվել 30 քաղաքացի, իսկ Կրանցի հատվածում ականազերծում և ուժեղացված ծառայություն է իրականացվում։ Ժամեր անց Ոստիկանությունը հաղորդեց, որ բերման ենթարկվածներն ազատ են արձակվել։
 
Կիրանցի ազատ արձակված բնակիչներին, սակայն, ոստիկանները գյուղ չեն թողնում մտնել․ Իջևանից գյուղ տանող ճանապարհը դեռ փակ է, մի քանի տասնյակ ոստիկաններ պատ են կազմել և թույլ են տալիս միայն գյուղում գրանցված բնակիչների ելումուտը տարածք, մյուս անձանց, նույնիսկ պատգամավորների համար, մուտքը փակ է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play