Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց


Ովքեր են իրականում կանգնած Բագրատ սրբազանի աջ և ձախ կողմերում. Ալեքսանյանը մանրամասնեց

  • 06-05-2024 15:45:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի համոզմամբ՝ Լեռնային Ղարաբաղի «օպերացիայի» կազմակերպիչները այս պահին փորձում են նույնն իրականացնել Հայաստանում:
 
Այս մասին նա հայտարարեց Ազգային ժողովում՝ իր ելույթի ժամանակ՝ նկատելով, որ այդ կազմակերպիչները Հայաստանում չեն:
 
«ԼՂ-ի հետ կապված՝ վարչապետը հայտարարեց, որ եթե իջեցնենք նշաձողը կարգավիճակի հետ կապված, կունենանք միջազգային կոնսոլիդացիա: Եվրոպական հարթակում պետք է կազմակերպվեր ԼՂ-Ադրբեջան հանդիպում, որի ընթացում պետք է փորձեին ստանալ խաղաղ կարգավորում: Այն տերերը, որոնց ծառայում են տարատեսակ անձնավորություններ ՀՀ-ում, թույլ չտվեցին, որ ԼՂ ներկայացուցիչները գնան Սոֆիա, մատ թափ տվեցին»,- նշեց նա:
 
Ալեքսանյանը մանրամասնեց, թե ինչպես ձախողվեց այդ հանդիպումը. «Այն մարդիկ, ում ծառայում են տարատեսակ անձնավորություններ Հայաստանում, չթողեցին, որ ԼՂ ներկայացուցիչները գնան Սոֆիա, ասացին՝ ձեռք եք առել ձեզ, ձեզ թվում է՝ կարող եք գնալ Եվրոպա բանակցեք, չեք գնալու։ Այս ժամանակ հայաստանյան դաշտի իրենց կամակատարների հետ որոշակի աշխատանք էին տանում՝ ասելով, թե «մենք 30 տարի դուրս չենք գալու ԼՂ-ից, գնացեք ասեք՝ «Նիկոլ դավաճան», «ՔՊ թուրքեր», մարդիկ ասացին արեցին։ ԼՂ ազգային ժողովի շենքը, որ, ցավոք սրտի, այդ մարդկանց խելքից այսօր քանդվել է, այդ շենքում հավաքվում էին, այնպիսի կենացներ էին ասում, լսում էիր, ասում էիր՝ էս ի՞նչ է, բայց մենք գիտեինք, թե ինչ է այնտեղ կատարվում, որ ԼՂ-ում կա շրջանակ, որ ռուս խաղաղապահների գալով՝ մտածում էր՝ «Նիկոլին հանենք, ու ամեն ինչ ընտիր է»։ Մենք էլ ասում էինք՝ ամենայն հավանականությամբ շփոթվում եք, գնացեք Սոֆիա ու բանակցեք»:
 
Ալեքսանյանի խոսքով՝ դրան հաջորդեց ԼՂ նախագահի հրաժարական տալու պարտադրանքը, այնուհետև ընտրեցին մի մարդու, որը, ըստ նրա, ամենաընդունելին էր ռուսական ներկայության համար Լեռնային Ղարաբաղում, ինչի արդյունքը եղավ այն, ինչ եղավ:
 
Օրենսդիր մարմնի ներկայացուցչի նկատառմամբ՝ դրանից հետո ռուս խաղաղապահները կանգնած նայեցին, թե 120 հազար մարդ ոնց բռնի տեղահանվեց, ինչպես սպանվեցին:
 
«Ապացուցված փաստ է դա: Ու Հայաստանի Հանրապետությունը ասաց, որ իր բոլոր հարևանների հետ, այդ թվում՝ Ադրբեջանի, պետք է ունենա հստակ սահմանագծված ու սահմանազատված սահման, որը պետք է ամփոփի 29,743 կմ քառակուսի ունեցող ՀՀ: Սա շատ ծանր տարան մարդիկ, նաև՝ նշածս ուժային կենտրոններում, որովհետև խոսքն այն մասին է, որ եթե Հայաստանը կոնկրետանում է, կա կոնկրետ սահմաններով Հայաստանի Հանրապետություն, որ եթե կա ՀՀ, որը փայլուն հարաբերություններ ունի ԱՄՆ-ի, ԵՄ-ի հետ, որը ՄԱԿ-ի լիիրավ անդամ է և չի խախտում կանոնադրությունը, այդ Հայաստանի վրա դժվար է հարձակվելը, շատ ավելի դժվար է գորշ գոտի դարձնելը և կուլ տալը: Որովհետև այս ամբողջ պատմությունը, սիրելի քաղաքացիներ, ոչ թե Շուշին, Հադրութը, ԼՂ-ն կուլ տալու, այլ Հայաստանը կուլ տալու մասին է: Ամբողջ ժամանակ եղել է ոչ թե ԼՂ հարց, այլ Հայաստանի»,- ընդգծեց Վահագն Ալեքսանյանը:
 
Նրա խոսքով՝ պատահական չէ, որ այս պահին Հայաստանում ընթացող երթի առաջնորդի մի կողմում կանգնած է Հայաստանը Միութենական պետության կազմում մտցնել փորձողի ներկայացուցիչը, մյուս կողմում՝ «Զանգեզուրի միջանցք» տալ բաղձողի:
 
«Հազար ներողություն, սիրելի՛ ներկաներ, ստիպված եմ փաստել, որ հերթական ռուսական շարժումը Հայաստանում կրկին դատապարտված է ձախողման մի պարզ պատճառով, որ ՀՀ քաղաքացին չի կարող ցանկանալ գնալ մարդկանց հետևից, որոնք չունեն մի պարզ հարցի պատասխան՝ քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետությունը: Դուք դրա համար եք պայքարում, որ Հայաստանը գոյություն չունենա։ Կարևոր փաստ էլ կա, որ օտար ուժերի թելադրմամբ Հայաստանում երբեք իշխանափոխություն տեղի չի ունենալու: Հայաստանի Հանրապետության անկախությունը հավերժ է, և ՀՀ-ն հավերժ է»,- եզրափակեց պատգամավորը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play