Բագրատ սրբազանը հայտարարեց անհնազանդության ակցիաների մեկնարկի մասին (լրացվող)


Բագրատ սրբազանը հայտարարեց անհնազանդության ակցիաների մեկնարկի մասին (լրացվող)

  • 10-05-2024 11:47:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Բագրատ սրբազանի առաջնորդած երթին միացել է նաև «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը։
 
11։05
 
Երթի մասնակիցները Սայաթ-Նովա փողոցից շարժվում են դեպի ԵՊՀ։
 
Առավոտից ԵՊՀ մի խումբ ուսանողներ համալսարանում ակցիա են իրականացնում, շրջում են ֆակուլտետներով՝ կոչ անելով միանալ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը։
 
Բագրատ սրբազանը երեկ բուհերին դասադուլի կոչ էր արել։
 
10։51
 
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ իրենց խմբակցությունը՝ 6 հոգի, անվստահության գործընթացին միանալու պատրաստակամություն է հայտնել։
 
Իմպիչմենտի նախագիծը պետք է խորհրդարան ներկայացվի ձևաթուղթը վերցնելուց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում։ Այս պահի դրությամբ 35 պատգամավոր է ստորագրել, մեկ պատգամավորի ստորագրություն է հարկավոր ձևաթուղթը ստանալու համար։ Այս պահին հայտնի չէ «Պատիվ ունեմ»-ի ցուցակով մանդատ ստացած, իսկ հիմա ոչ մի խմբակցությունում չընդգրկված Իշխան Զաքարյանը միանալու է գործընթացին, թե ոչ։
 
10։47
 
Այս պահից սկսած մեկնարկում են անհնազանդության ակցիաները, իսկ 18։30-ին կմեկնարկի հանրահավաքը, հայտարարեց սրբազանը։
 
9։30
 
Հանրապետության հրապարակում տեղադրված բերմահարթակի մոտ վաղ առավոտից հավաքված քաղաքացիներ կան։ Նրանք «Ազատության»-ը փոխանցեցին, որ Բագրատ սրբազանին են սպասում՝ հասկանալու համար հետագա քայլերը։
 
Սրբազանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ որոշակի ուղղություններ կան գործելու, քիչ հետո կհանդիպի մարդկանց հետ ու կձեռնարկեն, թե ինչ են անելու։
 
«Երեկ մեր քայլերը ներկայացնելու հերթականությունն այն չէր, ինչ եղավ, ուղղակի ժողովրդի ստիպմամբ եղավ։ Մենք ծրագրել էինք այդ դադարեցնելու գործընթացի մասին խոսել, որոշակի հանդիպում նշանակել, հետո տեսնել, թե ինչ է տեղի ունենալու, բայց ժողովրդի պահանջն այդպիսինն էր։ Ես պարզապես հնչեցրել եմ ձևակերպումն այն պահանջի, որը կուտակված էր», - ասաց Բագրատ սրբազանը։
 
Սահմանազատմանը դեմ տավուշցիները և նրանց միացած քաղաքացիները Բագրատ սրբազանի գլխավորությամբ մայիսի 4-ին Կիրանցից քայլերթ սկսեցին դեպի Երևան։ Մայիսի 9-ին նրանք արդեն Երևանում էին։ Նախօրոք հայտարարել էին, որ Երևանում մեծ ակցիաների շնորհիվ կփորձեն հասնել սահմանազատման գործընթացի դադարեցման, սակայն երեկ հրապարակում կարմիր թելով անցնում էր վարչապետի հրաժարականի պահանջը։ Բագրատ սրբազանը նույնիսկ ժամանակ տվեց վարչապետին՝ հայտարարելով, որ իրենց պահանջը չբավարարելու դեպքում այսօր առավոտյան ժամը 10-ից անհնազանդության ակցիաներ են սկսելու։
 
Սրբազանն այսօր ասաց, որ սա մինչև հիմա չի եղել քաղաքական գործընթաց, սակայն հիմա, իր կարծիքով, պետք է քաղաքական գործիչների խորհրդակցության արդյունքում արդեն այն ծրագրվի։
 
«Խորհրդարանական պատգամավորների հետ խոսեցինք, իրենք պատրաստ են այս գործընթացը շարունակելու, օրինական ճանապարհով ավարտին հասցնելու, և այդ ժամանակ պահանջվելու է վարչապետի թեկնածու, այդ ժամանակ էլ երևի կհնչի անուն», - ասաց սրբազանը։
 
«Ազատության» հարցին, թե անուններ քննարկվո՞ւմ են, Տավուշի թեմի առաջնորդը պատասխանեց․ - «Տարբեր անուններ քննարկվում են, ձեր սիրած ու չսիրած անուններն են քննարկվում»։
 
Բագրատ սրբազանը նշեց, որ որևէ անունի շուրջ դեռ համաձայնություն չկա․ - «Խորհրդարանական երկու խմբակցությունները կքննարկեն, խորհրդակցություններ կլինեն»։
 
«Ազատության» հարցին ի պատասխան նա նաև ասաց, որ վարչապետի պաշտոնում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցը չի քննարկվում։
 
«Մարդիկ ստեղծեցին այս միֆը», - ասաց սրբազանը՝ նշելով, որ Քոչարյանի հետ չի հանդիպել․ - «Ես գնացել եմ ոտքերս վիրակապելու, իրենք ասում են, որ գնացել է Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպելու։ Էս մարդիկ ստախոս են»։
 
Հարցին, թե նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի անունը քննարկվո՞ւմ է, Տավուշի թեմի առաջնորդը պատասխանեց․ - «Հնարավոր է, ամեն ինչ հնարավոր է։ Մարդիկ իմ անունն էլ են քննարկում»։
 
Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:
 
Իսկ եթե այնուամենայնիվ խորհրդարանում չհաջողվի իմպիչմենտի հասնել փողոցային պայքարո՞վ են փորձելու նպատակին հասնել հարցին էլ, սրբազանը պատասխանեց․ - «Քայլ առ քայլ, որոշակի իմաստով այս ամբողջ եղածը երեկվա պետք է տեղափոխվի քաղաքական լուծումների դաշտ, վերջ»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play