Փարիզը կոչ է անում Երևանին և Բաքվին շարունակել սահմանազատումը՝ հիմնվելով ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքներին


Փարիզը կոչ է անում Երևանին և Բաքվին շարունակել սահմանազատումը՝ հիմնվելով ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքներին

  • 13-05-2024 14:16:04   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ֆրանսիան ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը։
 
Որպես այս գործընթացի հիմք Ֆրանսիան ընդգծում է 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը Երևանի ու Բաքվի հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը՝ 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպմանը համահունչ։
 
Փարիզը կոչ է անում Երևանին և Բաքվին շարունակել սահմանազատումը՝ հիմնվելով ապրիլի 19-ի ստորագրված արձանագրության սկզբունքների վրա, ինչպես նաև շարունակել քննարկումները՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով։
 
«Մենք ողջունում ենք Ղազախստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ նպաստելու այդ բանակցությունների անցկացմանը», - հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը՝ շեշտելով, որ գործընկերների հետ կշարունակի աշխատել Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ՝ միջազգային իրավունքին համապատասխան։
 
Ապրիլի 19-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին, թե «նախնական համաձայնեցրել են» Տավուշ-Ղազախ սահմանի որոշ հատվածներ համապատասխանեցնել «Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող միջհանրապետական սահմանին»։ Այս հայտարարությունից 4 օր անց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվեց առաջին սահմանային սյունը։
 
Ապրիլի 15-ին Երևանում էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ Նա հայտարարեց, որ ողջունում է խաղաղության համաձայնագիր կնքելու Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը՝ շեշտելով, որ Ղազախստանը պատրաստ է իր հարթակը տրամադրել բանակցությունների համար՝ շեշտելով՝ հիմնական նպատակը երկու բարեկամ երկրներին մերձեցնելն է։
 
Ջեյհուն Բայրամովն ու Արարատ Միրզոյանը փետրվարին Գերմանիայի հանդիպումից երկու ամիս անց՝ մայիսի 10-ին հանդիպեցին Ալմաթիում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play