Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն. Փաշինյանը՝ սահմանազատման հանձնաժողովների հայտարարության մասին


Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն. Փաշինյանը՝ սահմանազատման հանձնաժողովների հայտարարության մասին

  • 16-05-2024 11:52:53   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Երեկ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովները, ի կատարումն ապրիլի 10-ին ընդունված համատեղ նիստի արձանագրության, համաձայնեցրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի՝ Բաղանիս Այրում, Հայաստանի՝ Ոսկեպար, Ադրբեջանի՝ Աշաղը Ասկիպարա, Հայաստանի՝ Կիրանց, Ադրբեջանի՝ Խեյրումլի, Հայաստանի՝ Բերքաբեր, Ադրբեջանի՝ Կըզըլ Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները և ստորագրել են այդ սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 16-ի նիստի մեկնարկին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն: Ինչո՞ւ եմ համարում մեծ հաջողություն: Երկու պատճառով. առաջինը` մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շարք կարևոր անկյունաքար, երկրորդ` մեր հանրապետությունը անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որն այս փաստով էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլև ընդհանրապես ամբողջ Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով»,- ասաց նա:
 
Փաշինյանը նաև շնորհակալություն հայտնեց սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով կառավարական հանձնաժողովին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, ՀՀ Անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, Կառավարության անդամներին, որոնք, ըստ Փաշինյանի, ամենօրյա ռեժիմով ներգրավված են եղել գործընթացում:
 
Արձանագրված է, որ սահմանազատումը տեղի է ունեցել 1976 թվականի քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին: Ըստ Փաշինյանի՝ սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծվի, այլ Ալմա-Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրվեն:
 
«Այսինքն՝ մենք ասում ենք, որ սահմանազատման ընթացքում ոչ թե պետք է սահման ստեղծենք, այլ վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և ունեն դե յուրե իրավական նշանակություն: Սրա համար մենք նախ հղում էինք անում Ալմա-Աթայի հռչակագրին, և ապրիլի 19-ին դա ամրագրվեց: Արձանագրվեց, ընդ որում, որպես սահմանազատման ողջ գործընթացի բազային սկզբունք, հիմա նաև մենք քարտեզների հղումն ունենք, և դրանք Խորհրդային Միության դե յուրե իրավական նշանակություն ունեցող վերջին քարտեզներն են»,- ասաց նա:
 
Հիշեցնենք՝ երեկ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի է ունեցել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովների 9-րդ հանդիպումը՝ փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:
 
Հանդիպման արդյունքում ստորագրվել է Արձանագրություն: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը:
 
Կիրանց գյուղում սահմանային ոչ բոլոր սյուներն են տեղադրվել: Ինչպե՞ս է լուծվելու այդ հարցը, արդյոք ծագելո՞ւ են նոր ճանապարհ կառուցելու, տներ օտարելու հարցեր. «Արմենպրեսի» հարցին ի պատասխան վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Կիրանցի երեք կոորդինատները տեղորոշվել են համակարգչային եղանակով, և սյուները կտեղադրվեն ավելի ուշ:
 
Մյուսները տեղադրված են:
 
 
Հեղինակ`Լուսինե Մուրադյան
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն