Երգիչ Հայկ Ղևոնդյանի որդին ձերբակալվել է իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով. ՆԳՆ ոստիկանություն


Երգիչ Հայկ Ղևոնդյանի որդին ձերբակալվել է իշխանությունը յուրացնելու փորձի կասկածանքով. ՆԳՆ ոստիկանություն

  • 22-05-2024 15:36:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
2024 թվականի մայիսի 21-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանությունից ստացվել է առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդում՝ իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպքի վերաբերյալ:
 
Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով:
 
Իրականացված նախաքննությամբ առերևույթ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ.Ղ.-ն, լինելով ընդդիմադիր քաղաքական դաշինքի ներկայացուցչի մերձավորը և ունենալով հակաիշխանական հայացքներ, համաձայն չլինելով Հայաստանի Հանրապետության ղեկավարության կողմից վարվող արտաքին և ներքին քաղաքականության հետ և վերջինիս հետ ունենալով գաղափարական թշնամանք, գիտակցելով, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նպատակադրվել է զավթել իշխանությունը, այն է՝ մի խումբ անձանց հետ գրավել ՀՀ կառավարության, ՀՀ ազգային ժողովի և ՀՀ ոստիկանության շենքերը, ինչպես նաև՝ բռնություն գործադրելու միջոցով տիրանալ Ազգային ժողովի և Կառավարության լիազորություններին, նպատակն իրականացնելու համար դիտավորությամբ ստեղծել են պայմաններ, այդ թվում՝ դիտարկել 2024 թվականի մայիսի 26-ին նախատեսվող հանրահավաքին այն իրագործելու հարցը։ Սակայն իր կամքից անկախ հանգամանքներով, նշված անձը չի կարողացել սկսել հիշյալ գործողությունների կատարումը, քանի որ  նախապատրաստված առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից:
 
Նախաքննությամբ ձեռք բերված՝ Հ.Ղ-ի կողմից հանցանք կատարելու մասին վկայող բավարար փաստերի հիման վրա քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:
 
Հ. Ղ-ն ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են ծավալուն միջոցառումներ՝ նաև վերոնշյալի հետ առնչություն ունեցող անձանց շրջանակը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
 
Ծանուցում.Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն