ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է «ԲՋՆԻ» ՀԱՆՔԱՅԻՆ<br /> ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ<br /> ԴԵՄ <br />


ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է «ԲՋՆԻ» ՀԱՆՔԱՅԻՆ
ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԵՎ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ Է ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ
ԴԵՄ

  • 28-10-2008 21:00:00   | Հայաստան  |  Տնտեսություն
ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած հայտնի դեպքերի հետ կապված հետախուզման մեջ գտնվող ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ի ղեկավարությունը որոշում է ընդունել «դադարեցնել արտադրությունը «հետագա գործունեության անհնարինության պատճառով»: Ինչպես տեղեկացնում են ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, հոկտեմբերի 17-ին ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից ստացվել է կատարողական թերթ «Բջնի» հանքային ջրերի գործարան» ՓԲԸ-ից, համաձայն ՀՀ վարչական դատարանի կայացրած վճռի եզրափակիչ մասի, հօգուտ պետական բյուջեի 4 միլիարդ 67 միլիոն 201 հազար 600 դրամ (ավելի քանի 13 միլիոն դոլար) բռնագանձելու պահանջով: Հոկտեմբերի 21-ն ԴԱՀԿԱԾ աշխատակիցները այցելել են «Բջնի» գործարան, կատարել գույքագրում եւ արգելանք դրել անշարժ գույքի վրա: Ըստ նույն աղբյուրի, «գործողությունը բխել է օրենքներից եւ նպատակ է ունեցել ընդամենը անհնարին դարձնել գույքի հնարավոր օտարումը»: Ինչպես «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»-ին հայտնեց Սուքիասյանների ընտանիքին պատկանող «Սիլ կոնցերնի» մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանը, իրենք «օրինական բոլոր մեթոդներով պայքարելու են վճռի եւ գործընթացի դեմ»: Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 21-ին ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հայտարարեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին իր զորակցության մասին: Մեկ ամիս անց Հարկային պետական ծառայության կողմից ստուգումներ սկսվեցին «Բջնի» գործարանում, որոնց արդյունքում արձանագրվեց, որ ջրաչափը, որով չափվում է արտադրության համար ձեռնարկության օգտագործած հանքային ջրի ծավալը, սխալ է դրված: Ըստ մամուլում զետեղված տեղեկությունների, ջրաչափը կապարակնքված է եղել ՀՀ Բնապահպանության նախարարության տեսուչի կողմից, եւ 2005-06թթ.-ին իրականացված ստուգումներով արձանագրվել է, որ այդ ջրաչափի մասով որեւէ խախտում չկա: Սակայն այս տարվա ստուգման արդյունքում արձանագրվեց, որ խախտումներ կան:
Նոյյան տապան  -   Տնտեսություն