Այաթոլլա Ալի Խամենեին հակադարձել է Թրամփի սպառնալիքներին
31-03-2025 13:31:32 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Sputnik. Ավելի վաղ Դոնալդ Թրամփը սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն և Իրանը համաձայնագիր չկնքեն:
ԱՄՆ-ի կողմից Իրանին դրսից հարվածելու հավանականությունը ցածր է, սակայն եթե հարված այնուամենայնիվ հասցվի, այն կոշտ պատասխան կստանա։ Այս մասին Ռամադան պահքի ամսվա ավարտի և Ուրազա–բայրամ տոնի մեկնարկի առիթով իր խոսքում հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում սպառնացել էր «աննախադեպ ռմբակոծություններով», եթե ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնագիր չկնքեն։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր, որ Թեհրանը Թրամփին ուղղված պատասխան նամակում հրաժարվել է միջուկային ծրագրի շուրջ Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններից, բանակցությունների պատուհանը բաց է միայն երրորդ երկրների միջնորդության դեպքում։
«Նրանք (ԱՄՆ–ն - խմբ.) սպառնում են չարիք պատճառել... Քիչ հավանական է, որ այն կլինի դրսից, սակայն եթե դա արվի, նրանք, անկասկած, կոշտ պատասխան կստանան... Իսկ եթե նրանք որոշեն անկարգություններ հրահրել երկրի ներսում, Իրանի ժողովուրդը նրանց պատասխան կտա», - ասել է Խամենեին։
Մարտի սկզբին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին և նշել, որ կնախընտրեր Թեհրանի հետ գործարք կնքել Իրանի միջուկային ծրագրի հարցով: Ավելի ուշ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է իրանական միջուկային խնդրի լուծման երկու հնարավոր ճանապարհ՝ ռազմական կամ դիվանագիտական՝ ընդգծելով, որ նախընտրում է բանակցությունները։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից: