01-04-2025 19:05:55 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
1in.am Մարտի 30-ին կայացել է Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահներ Էմանուել Մակրոնի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը: Այդ առթիվ Թուրքիայի նախագահի գրասենյակը տարածել է չափազանց սուղ հաղորդագրություն, ըստ որի՝ Ֆրանսիայի նախագահը թուրք գործընկերոջը շնորհավորել է Ռամադանի տոնի առթիվ, համոզմունք հայտնել, որ այն բարօրություն կբերի Թուրքիային և առհասարակ իսլամական աշխարհին:
Ակնհայտ է, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ, բայց միաժամանակ հասկանալի է, որ Էմանուել Մակրոնը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ շատ ավելի լուրջ խնդիրներ է քննարկել, քան ներկայացրել է Թուրքիայի նախագահի գրասենյակը: Հեռախոսային բանակցությունների բուն թեմայի գաղտնագրումն արդեն իսկ մղում է ենթադրել, որ Ելիսեյան պալատն Անկարային բացառիկ առաջարկություն է արել:
Այդ է վկայում ապրիլի մեկին տարածված տեղեկատվությունը, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը մեկնում է Փարիզ: Ըստ երևույթին՝ կողմերը քննարկում են Էրդողանի Փարիզ այցի հնարավորությունը: Ավելի վաղ Թուրքիայի նախագահը մի քանի անգամ ընդգծել է, որ առանց իր երկրի մասնակցության՝ Եվրոպան չի կարող անվտանգային խնդիրներ լուծել:
Հատկանշական է, որ բոլորովին վերջերս Փարիզում կայացել է այսպես կոչված «Վճռականների խորհրդի» նիստ, որտեղ քննարկվել է Ուկրաինային ռազմական և ֆինանսական աջակցությունը շարունակելու հարցը: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ֆրանսիային է վերապահել Եվրապայի անվտանգության առաջնորդությունը:
Ուշագրավ է, որ երկու շաբաթ առաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանը մեկնել է Վաշինգտոն և բանակցություններ վարել պետքարտուղար Ռուբիոյի հետ: Որքանով հասկացվում է՝ Վաշինգտոնում Թուրքիայի անհանգստությունների նկատմամբ, մեղմ ասած, այնքան էլ ընկալունակ չեն գտնվել: Այդ է վկայում փաստը, որ Ֆիդանի Վաշինգտոն այցից հետո Իսրայելը միայն ուժգնացրել է Գազայի դեմ ռազմական գործողությունները, ինչպես նաև հրթիռային հարվածներ հասցրել Բեյրութին և ռմբակոծել Սիրիայի հարավ-արևմուտքում գտնող երկու ռազմական օդանավակայան: Ըստ որոշ տեղեկությունների՝ Սիրիայի կառավարությունը դրանք տրամադրել է Թուրքիային՝ մշտական ռազմահենակայանի վերածելու համար:
Թուրքիային ի՞նչ «բոնուս» կարող է առաջարկել Ֆրանսիան՝ իհարկե հանդես գալով Եվրամիության անունից: Առկա իրավիճակում Թուրքիայի գերխնդիրը Մերձավոր Արևելքում Իսրայելի «էքսպանսիոնիստական քաղաքականության կանխարգելումն է»: Ինչպես իրադարձությունների ընթացքը և տրամաբանությունն է հուշում, Միացյալ Նահանգներն այդ հարցում միանշանակորեն սատարում են Իսրայելին:
Ֆրանսիան և Եվրամիությունը Մերձավոր Արևելքում Իսրայելին զսպելու ի՞նչ հնարավորություններ ունեն: Աչքի է զարնում, որ Մակրոն-Էրդողան հեռախոսազրույցի հաջորդ օրը Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը կարճ հայտարարություն է տարածել, ըստ որի՝ Բրյուսելը պատրաստ է համագործակցել Սիրիայի նոր կառավարության հետ՝ հանուն արաբական երկրի տնտեսական վերականգնման և ժողովրդավարության հաստատման:
Եվրահանձնաժողովը, ինչպես հայտնի է, ընդունել է պաշտպանական հնարավորությունների «Սպիտակ գիրք» անվանված ծրագիր, որի հիմնական նպատակը ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումն է: Վերջին մեկուկես տասնամյակում Թուրքիան այդ բնագավառում շատ շոշափելի առաջընթաց է ունեցել: Անցյալ շաբաթ Էրդողանը հայտարարել է մոտ ժամանակներս հինգերորդ սերնդի KAAN ազգային կործանիչի սերիական արտադրություն սկսելու մասին: Թուրքիան, որ տնտեսական լրջագույն խնդիրներ ունի, թերևս դեմ չէր լինի եվրոպական և իր ռազմաարդյունաբերական համալիրի ինտեգրմանը:
Բայց ԱՄՆ-Եվրամիություն, ԵՄ-Ռուսաստան տարաձայնությունների և սուր հակասությունների ֆոնին Անկարայի նման քայլը կնշանակեր «ճամբարային որոշում ընդունել», ինչը, կարծես, յուրահատուկ չէ թուրքական դիվանագիտությանը և հատկապես Էրդողանին: Այդուհանդերձ, աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվել, Անկարայի «թուրքական աշխարհ» նախագիծն ակնհայտորեն չի ստացվում: Եվ եթե Փարիզն իրոք Եվրամիության անունից Թուրքիայի «բոնուս» առաջարկելու լինի, ապա, թվում է, Անկարան այն կընդունի: Թուրքիա-Եվրամիություն ռազմավարական դաշնակցություն, իհարկե, չափազանց դժվար է պատկերացնել, բայց միջազգային քաղաքականության մրցասպարեզում իր «նետտո-բրուտոն» պահպանելու համար Անկարան մի այլընտրանք ունի՝ «հանձնվել Ռուսաստանին»: