1in.am Ապրիլի 2-ին Փարիզ կմեկնի Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը, որին առնվազն միջազգային մամուլի մակարդակով, կարծես թե, արդեն բավականին անթաքույց կարգել են Թուրքիայի ապագա նախագահ: Մարտի 26-ին Ֆիդանը Վաշինգտոնում էր, որտեղ հանդիպել է պետքարտուղար Ռուբիոյի հետ: Փարիզում նա հանդիպում կունենա Ֆրանսիայի ԱԳ նախարարի հետ: Ֆրանսիայի նախագահի հետ շփում նախատեսված է, թե ոչ, հայտնի չէ, թեև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը օրերս հեռախոսով շփվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:
Այդ մասին տեղեկությունը տարածել է թուրքական կողմը, իսկ Ելիսեյան պալատի պաշտոնական կայքը լռում է Մակրոն-Էրդողան հեռախոսազրույցի մասին: Ինչ խոսք, առանցքային խոսակցությունը, թերևս, կծավալվի Փարիզում՝ Ֆիդանի այցի ընթացքում: Դատելով դրա մասին թուրքական մամուլի տարածած հաղորդագրությունից՝ քննարկվելու է շատ խիտ օրակարգ՝ թե՛ երկկողմ, թե՛ միջազգային տնտեսա-քաղաքական թեմատիկայով: Լայն համատեքստում գուցե կլինի, սակայն այն, թե ո՞ր կողմից է խաղալու Անկարան՝ ԱՄՆ նախագահ Թրամփի՞, թե՞ նրա հետ դիմակայության մեջ մտած արևմտյան Եվրոպայի ներկայիս կառավարող էլիտաների:
Անշուշտ, Հայաստանի դիրքից էականն այն է, թե ֆրանս-թուրքական երկխոսությունն ինչ անդրադարձ կարող է ունենալ Կովկասի, մասնավորապես Հայաստանի անվտանգային միջավայրի վրա: Հաշվի առնելով հայ-ֆրանսիական հարաբերության առանձնահատկությունն ու հատկապես վերջին երեք-չորս տարիների նոր հանգամանքները՝ Անկարան կարո՞ղ է Փարիզից ակնկալել աջակցություն այսպես կոչված «միջանցքի» հարցում:
Հատկանշական է, որ օրեր առաջ գրեթե միաժամանակ Սյունիք էին այցելել Հայաստանում Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանները, անշուշտ, տարբեր այցերով: Եթե ԱՄՆ նոր վարչակազմը Եվրամիության ներկայիս կառավարող էլիտայի հետ դիմակայության մեջ է, ապա ԱՄՆ կարող է կորցրած լինել այսպես կոչված «Միջին միջանցքի» հանդեպ այն ռազմավարական հետաքրքրությունը, որի մասին նախորդ տարի արտահայտվել էր նախորդ վարչակազմի բարձրաստիճան դիվանագետներից Ջեյմս Օ՛ Բրայանը:
Փոխարենը, «Միջին միջանցքի» հանդեպ կարող է աճել ԵՄ հետաքրքրությունը՝ հաշվի առնելով դիմակայությունն ԱՄՆ նոր վարչակազմի հետ: Այստեղ, իհարկե, էական նշանակություն ունեցող գործոն կլինի այն, թե ինչպես կընթանան Թրամփ-Պուտին երկխոսությունն ու գործարքը, սակայն Եվրամիության հանդեպ ԱՄՆ նոր վարչակազմի վերաբերմունքը դրանից, ըստ էության, թերևս չի ենթարկվի մեծ փոփոխության: Այդ հորձանուտում կարող են փոխվել Ֆրանսիայի մոտեցումները՝ հատկապես նկատի ունենալով այն, որ Վրաստանը, կարծես թե, դիրքավորվել և խաղում է Թրամփի կողմում:
Դա, ըստ էության, կարծես թե զգալիորեն փակում է Իրան-Հայաստան-Վրաստան հնարավոր «երթուղին», որ կարող էր հետաքրքրել Ֆրանսիային Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա հաղորդակցության հարցում՝ Ադրբեջանը և Թուրքիան շրջանցելու համար: Իրավիճակը փոխվում է, կարող են փոխվել մոտեցումները: Անկարան կարող է հանձն առնել լուծել ֆրանս-ադրբեջանական լարվածությունը, եթե Ֆրանսիան պարտավորվի օգնել «միջանցքի» հարցում: Փարիզում ֆրանս-թուրքական երկխոսության սեղանին բացառված չէ նաև այդօրինակ սխեմայի քննարկում: